Քննչական կոմիտեն հրաժարվում է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները կապարակնքելու իրավական հիմքերն ու դրանց հստակ թիվը։
Ըստ լրատվամիջոցների շուրջ 15 ընկերություն կամ դրանց գործունեության վայրեր մնում են կապարակնքված։
Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտեն` պարզելու, թե քանի կապարակնքված ընկերություն կա, ինչ իրավական հիմքով են դրանք փակվել, և երբ կհանվեն սահմանափակումները։ ՔԿ–ն փաստացի չի պատասխանել հարցերին։
«Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթով կատարվում են քննչական և վարույթային գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, ապօրինի գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձ ստեղծելու, անապրանք գործարքներ կատարելու, խարդախություններ, շորթում, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ»,– ասված է նախաքննական մարմնի պատասխանում։
Փաստաբան Էմին Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ ՔԿ–ից չէին էլ կարող որևէ իրավական հիմք ներկայացնել, քանի որ դատարանը կապարակնքումների վերաբերյալ քննիչի որոշումները հերթով ոչ իրավաչափ է ճանաչում։
Քննչական կոմիտեն չի պատասխանել նաև Ծառուկյանին պատկանող գույքի, փաստաթղթերի և ընկերություններից առգրավված իրերի հարցին ՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիքն ու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը:
Թեև ՔԿ–ն չի պարզաբանել բիզնեսների կապարակնքման իրավական հիմքերը, իրավական պրակտիկայում դա կիրառվում է որպես ապահովման միջոց: Տարածքները կապարակնքվում են խուզարկությունից հետո՝ ապացույցների անձեռնմխելիությունն ու պետությանը պատճառված ենթադրյալ վնասի վերականգնումն ապահովելու համար:
Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը քննիչին ուղղակի լիազորություն չի տալիս կապարակնքման միջոցով սահմանափակել անձի տնտեսական գործունեությունը: Հստակ ընթացակարգի բացակայության պատճառով փաստաբաններն այս քայլը համարում են ոչ իրավաչափ, մանավանդ որ ընկերություններից արդեն իսկ առգրավվել են բոլոր անհրաժեշտ համակարգիչները, կրիչներն ու փաստաթղթերը:
Հարցին, թե երբ տնտեսվարողները կկարողանան վերադառնալ բնականոն աշխատանքի, ՔԿ–ից պատասխանել են` քննչական և վարույթային գործողություններն ավարտելուց հետո կքննարկվի վերը նշված ընկերությունների գործունեության նկատմամբ կիրառված ժամանակավոր սահմանափակումների վերացման հարցը։
Ըստ փաստաբան Էմին Խաչատրյանի` իրականում քննչական և վարույթային գործողությունների ընթացքում տնտեսվարողի բնականոն գործողությունը չպետք է խաթարվի։
Փաստաբանը հայտնել է, որ «Եվրոմոթորս», «Մուլտի տոբակ», «Մուլտի սթոուն» ընկերությունների և «Օլիմպավանի» վերաբերյալ արդեն դատարանի որոշումներ կան, որ քննիչի գործողություններն իրավաչափ չեն եղել։ Նշվել է, որ տնտեսվարողների իրավունքները խախտվել են։
«Այսօր դեռ իրավապահ մարմինները զերծ են մնում այս ընկերությունների կապարակնքումները հանելուց և դրանք բացելուց։ Հիմա էլ փորձելու են վերաքննիչ դատարան դիմել, որպեսզի կրկին ինչ–որ ժամանակ ձգեն, բայց այս ամենի պատճառով պետությունն էլ, քաղաքացիներն էլ, ընկերություններն էլ մեծ վնասներ են կրում։ Ողջամիտ է, որպեսզի կազմակերպություններն արդեն բացվեն, բայց վարույթ իրականացնող մարմինները սպասում են, որ վերաքննիչ, հետո վճռաբեկ բողոքներ ներկայացնեն, ու դա էլ կարող է 1 և ավելի ամիս տևել։ Հարցն այն է, որ այս պահին արդեն կա դատարանի որոշում, որը չի կատարվում»,– նշել է Խաչատրյանը։
Փաստաբանները պատրաստվում էին 11 բողոք ներկայացնել մյուս ընկերությունների վերաբերյալ, բայց ներկայացնելու են 8-ը։ Պատճառն այն է, որ «Արարատցեմենտ» և «Երևանի Արարատ կոնյակի–գինու–օղու կոմբինատի» վերաբերյալ այլ կառավարչի փոխանցելու որոշում է եղել, կապարակնքումը հանված է, աշխատանքն էլ դադարեցված չէ, իսկ «Մուլտի Վելնեսի» վերաբերյալ էլ այլ հայցով են դատարան դիմել` գործողությունների իրավաչափությունն են վիճարկում։
Բողոքներ են ներկայացվել և ներկայացվելու Ծաղկաձորի «Մուլտի գրանդ ռեզորթ» հյուրանոցի, «Օնիրա քլաբի» (Շանգրի Լա խաղատուն, «Փարավոն» ռեստորան և հարակից հյուրանոց) և այլ ընկերությունների վերաբերյալ։