ՍԴ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված դիմումի քննությունը, որով վիճարկվում էր ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և Եկեղեցու ներքին գործերին միջամտելու դրույթի սահմանադրականության հարցը, գրում է Փաստինֆոն։
ԱԺ-ն փաստացի հաստատել է մի ծրագիր, որով պետությունը միջամտում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, ինչը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլև ՄԻԵԿ 9-րդ հոդվածին, ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերով երաշխավորված՝ պետության և եկեղեցու անջատվածության սկզբունքին, ուստի ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմել են ՍԴ։
ՍԴ ներկայացված դիմումով բարձրացվել են նաև որոշման բովանդակային խնդիրները։ Մասնավորապես, ՍԴ ներկայացված դիմումով ընդգծվել է, որ որևէ սահմանադրական կամ օրենսդրական նորմ Կառավարությանը չի լիազորում հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ այլ կերպ «ապահովել» նրա հանգստի կոչումը, նախաձեռնել կամ կազմակերպել Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, պարտադրել Եկեղեցու կանոնադրության ընդունում կամ որոշել դրա պարտադիր բովանդակությունը, կազմակերպել կամ արդյունք ապահովել նոր Կաթողիկոսի ընտրության համար։
ՍԴ-ն, սակայն, աշխատակարգային որոշմամբ մերժել է դիմումի քննությունը։ ՍԴ-ն փաստել է, որ Կառավարության ծրագրի քաղաքականապես հաջող կամ արդարացված լինելու հարցերը գտնվում են խորհրդարանի քաղաքական պատասխանատվության, այլ ոչ թե սահմանադրական արդարադատության տիրույթում։ Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ այս տարբերակումը հատկապես էական է այն պատճառով, որ վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում Սահմանադրական դատարանը չի կարող ապագա ենթադրյալ հակասահմանադրական կարգավորումները գնահատել իբրև գործող սահմանադրական հակասություն։
Ըստ ՍԴ-ի՝ դիմումով չի ապահովվել Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրաիրավական հարցի ըստ էության քննության համար անհրաժեշտ փաստարկվածության նվազագույն շեմը։