Սկանդալ հայաստանյան լաբորատորիայի շուրջ․ «Գորշ» հավաստագրերի հետքով․ «Իզվեստիա»

կողմից admin2

ԵԱՏՄ-ում 15 հազար արտադրանքի համապատասխանության հավաստագրերի տրամադրման առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։ Գործով ներգրավված են Ղրղզստանում գրանցված 10 և Հայաստանում գործող մեկ լաբորատորիա։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրին։

Պարբերականի տվյալներով՝ դեռևս այս տարվա փետրվարին Ռուսաստանում կասեցվել էր ղրղզական երեք սերտիֆիկացման կենտրոնների՝ «Մուրաս»-ի, «Սերտիֆիկացման և փորձարկման կենտրոն»-ի և «Էքսպերտ-Լայն»-ի կողմից տրամադրված փաստաթղթերի գործողությունը։ Միայն 2025 թվականին այդ կազմակերպությունները ռուսական ընկերություններին ավելի քան 15 500 հավաստագիր էին տրամադրել։

Հուլիսին Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայությունը՝ «Ռոսակկրեդիտացիան», կասեցրել էր նաև հայկական «ARMTEST» և «ARM-TEST» կենտրոնների կողմից տրված որոշ հավաստագրեր։ Պատճառը ռուսական կողմի՝ արտադրանքի փորձարկման արձանագրությունների վերաբերյալ հարցումներին պատասխան չստանալն էր։

«Իզվեստիա»-ի հետաքննության համաձայն՝ Հայաստանում ԵԱՏՄ համապատասխանության հավաստագրերի տրամադրումը որոշ դեպքերում վերածվել է կազմակերպված բիզնեսի։ Պարբերականը պնդում է, որ հայկական հավատարմագրված մարմինների տրամադրած փաստաթղթերը հնարավորություն են տալիս ապրանքներն իրացնել Ռուսաստանի շուկայում, իսկ հավաստագրերի տրամադրման որոշ դեպքերում արտադրանքի փաստացի փորձարկումներ կարող են չիրականացվել։

Հետաքննության մեջ նշվում է նաև, որ որոշ սերտիֆիկացման մարմինների գործունեության կասեցումից կամ հավատարմագրման չեղարկումից հետո կարող են ստեղծվել նոր կազմակերպություններ, որոնք շարունակում են նույն գործունեությունը։ Պարբերականը պնդում է, որ ուսումնասիրել է նմանատիպ մի քանի շղթա։

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախարար Վարոս Սիմոնյանի գործունեությանը։ «Իզվեստիա»-ի աղբյուրը ենթադրում է, որ նա կարող էր առնչություն ունենալ արտադրանքի հավաստագրերի վավերականության ստուգման միասնական թվային համակարգի ներդրման ժամկետների խախտման հետ։ Պարբերականը հիշեցնում է, որ Սիմոնյանը 2019-2021 թվականներին զբաղեցրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ ԵՏՀ տեղափոխվելուց առաջ համակարգել է Հայաստանի հավատարմագրման ազգային մարմնի գործունեությունը։

Միևնույն ժամանակ, հրապարակման մեջ ներկայացված ենթադրությունները Սիմոնյանի կողմից հանցավոր գործողությունների կատարման ապացույց չեն։ Նրա հնարավոր ներգրավվածության վերաբերյալ վերջնական իրավական գնահատական կարող են տալ իրավասու մարմինները՝ համապատասխան ապացույցների հիման վրա։

«Իզվեստիա»-ի հետ զրույցում AVG Legal իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր, փաստաբան Ալեքսեյ Գավրիշևը նշել է, որ եթե ապացուցվի՝ որոշումները կայացվել են կոնկրետ առևտրային կառույցների շահերից ելնելով, կարող է քրեական պատասխանատվության հարց առաջանալ։

Գավրիշևի խոսքով՝ որպես ԵՏՀ նախարար՝ Սիմոնյանն ունի քրեական հետապնդումից անձեռնմխելիության իրավունք, որը, որոշակի պայմանների առկայության դեպքում, կարող է վերացվել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշմամբ։

Դեպքի առնչությամբ քրեական գործերի ընթացքի, հնարավոր մեղադրյալների և հայկական լաբորատորիաների պատասխանատվության վերաբերյալ ամբողջական պաշտոնական տեղեկատվություն հրապարակման մեջ չի ներկայացվել։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode