ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում լարվածություն է առաջացել ներգաղթի և մաքսային վերահսկողության դաշնային ծառայության՝ ICE-ի գործողությունների մասին տեղեկությունների ֆոնին։ Քաղաքային իշխանություններն արդեն պաշտոնապես արձագանքել են դաշնային գործակալների ակտիվության վերաբերյալ հաղորդումներին, մինչդեռ Լոս Անջելեսի շրջանում ներգաղթյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները բնակիչներին հորդորում են հնարավորության դեպքում մնալ տանը։
Ավելի վաղ Գլենդելի կենտրոնում, արձանագրվել է ICE-ի ենթադրյալ գործողության մասին ահազանգ։ Ըստ հրապարակված հաղորդման՝ տարածքում նկատվել են առնվազն չորս ամենագնաց և մեկ բեռնատար, ինչպես նաև ICE-ի տարբերանշաններով ժիլետներ կրող, դեմքերը ծածկած առնվազն հինգ աշխատակից։ Նշվում է, որ նրանք շփվել են երկու տղամարդու հետ, որոնցից մեկը գտնվել է սպիտակ Porsche ամենագնացի մեջ։ Սակայն այս տեղեկությունը դեռևս անկախ աղբյուրներով հաստատված չէ։
Իրավիճակին արձագանքել է նաև Գլենդելի քաղաքապետարանը՝ հայտարարելով, որ տեղյակ է համայնքում դաշնային ներգաղթի ծառայությունների գործողությունների մասին հաղորդումներից։
Իրավիճակն այնքան լարված է, որ ներգաղթյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ձերբակալման վտանգի տակ գտնվող անձանց խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում մնալ տանը։
Այս զարգացումները հատկապես զգայուն են Գլենդելի հայ համայնքի համար։ Երեկ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը ստիպված է եղել հերքել սոցիալական ցանցերում տարածված լուրերը, թե իբր հյուպատոսությունը քաղաքացիներին առանց նախնական գրանցման հրավիրում է իր տարածք՝ նրանց ICE-ին հանձնելու նպատակով։
Հյուպատոսությունը հայտարարել է, որ այդ պնդումները բացարձակապես կեղծ են և որևէ փաստական հիմք չունեն՝ կոչ անելով չտարածել ապատեղեկատվություն։