Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արման Պ․-ի վարած «BYD» մակնիշի և դեռևս անհայտ անձի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Պ.-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 46-ամյա Տաթևիկ Ք․-ն և «Kia»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 48-ամյա Կարեն Պ-ն և 48-ամյա Մարիաննա Ա.-ն, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Սարգիս Սարգսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Երիցյանն ու Հարութ Գևորգյանը։Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «Kia»-ի վարորդը, ով դեպքի վայրից վթարից անմիջապես հետո դիմել է փախուստի, կին է եղել և աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, ում ժամեր անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի և ՃՏՀ քննչական բաժնի ծառայողների հետ հայտնաբերել են ու տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ հայտնաբերման մասին փաստաթղթեր են կազմվել և նրան ու փաստաթղթերը Մաշտոցի ոստիկանները ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։Ֆոտոլրագրողը հայտնում է՝ այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորների Մարիաննա Ա․-ն մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերջինը ուներ 3 երեխա։