Ավարտվել է Անիի կամրջի վերականգնման մրցույթը

կողմից admin1
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին՝ Ախուրյան գետի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային գործընթացը, այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
Կամուրջը գտնվում է Կարսի նահանգում, հին (հայկական) Անի քաղաքի մոտ, և կառուցվել է X դարում՝ Մետաքսի մեծ ճանապարհի երթուղու վրա: Ժամանակին այն ծառայել է որպես սահմանի հատման կարևոր կետ և Արևելքի ու Արևմուտքի միջև առևտրի առանցքային անցումներից մեկն է եղել: Մինչև մեր օրեր պահպանվել են միայն կառույցի հենարանների մնացորդները:
Կամրջի նախնական երկարությունը եղել է 80 մետր, լայնությունը՝ ութ մետր: Կամրջի 31 մետր բացվածքով կամարը փլուզվել է 1807 թվականի հոկտեմբերի 16-ին: Ներկայումս դրանից մնացել են միայն սահմանի երկու կողմերում գտնվող հենասյուները:
Նախարարը հստակեցրել է, որ վերականգնողական աշխատանքների անցկացման մրցույթը կայացել է 2026 թվականի սեպտեմբերի 16-ին, իսկ սեպտեմբերի 28-ին ստորագրվել է պայմանագիրը: Աշխատանքներն իրականացվելու են Թուրքիայի և Հայաստանի համագործակցության շրջանակներում և համակարգվելու են երկու երկրների համատեղ հանձնաժողովի կողմից:
Կամրջի վերականգնման ծավալներն ու մեթոդները սահմանող արձանագրությունը ստորագրվել էր Երևանում 2026-ի մայիսի 4-ին: Ուրալօղլուի խոսքով՝ նախագիծն ուղղված է Մետաքսի ճանապարհի պատմական ժառանգության պահպանմանն ու այն ապագա սերունդներին փոխանցելուն:
Անիի կամուրջը կառուցվել էր Ախուրյան գետի վրայով՝ դեպի Հայոց թագավորության միջնադարյան մայրաքաղաք Անի (Բագրատունյաց թագավորություն):

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode