ՌԴ Դաշնային խորհրդի կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովն առաջարկել է քննարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ Ռուսաստան մուտքն արգելելու հարցը։ Պատճառն Առուշանյանի՝ ռուսների հասցեին հնչեցրած արտահայտությունն է, որով նա նրանց անվանել է «Իվաններ»։
Երևանում Ռուսաստանի դեսպանատունը վրդովմունք է հայտնել Առուշանյանի հայտարարության կապակցությամբ՝ նշելով, որ այն հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերմանացի նացիստների բառապաշարը։
Ավելի վաղ Առուշանյանը քննադատել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Գյումրու օրվա տոնակատարությունը, որը կազմակերպել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Մասնավորապես, նա գրել էր. «Գյումրեցիները ձեր Իվանները չեն»։
«Հենց այդ «Իվաններն» են ժամանակին փրկել Հայաստանին ցեղասպանությունից, իսկ այնուհետև ողջ աշխարհը՝ ֆաշիստական «գորշ ժանտախտից»։ Եվ այսօր էլ Գյումրիում տեղակայված են մեր սահմանապահներն ու 102-րդ ռազմաբազան՝ ապահովելով տեղի բնակիչների անդորրը։ Անտեղի հռետորաբանության փոխարեն մարզպետը պարզապես պետք է շնորհակալություն հայտներ», — ընդգծել է քաղաքական գործիչը։
Ջաբարովի կարծիքով՝ երբ պաշտոնատար անձն իրեն թույլ է տալիս նման արհամարհական արտահայտություններ, դա պարզապես ազգամիջյան թշնամանք հրահրելու փորձ չէ։