ԻՀՊԿ «Ղուդս» ուժերի հրամանատար Էսմայիլ Ղաանին հայտարարել է, որ դիմադրության ուժերը միավորվել են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չպետք է այդ դաշինքի ներուժը գնահատի միայն սպառազինության հեռահարությամբ, քանի որ դիմադրության ռազմավարական ազդեցությունը տարածվում է հրթիռների հասանելիության գոտուց շատ ավելի հեռու։
«Այսօր դիմադրության բոլոր ուժերը ներկայացնում են միասնական ճակատ՝ համախմբված տարբեր ուղղություններով։ Ուստի մի՛ գնահատեք այդ ճակատի խորությունը միայն զենքի հեռահարությամբ. հաշվի առեք նաև դիմադրության ռազմավարական հնարավորությունները»,— ընդգծել է նա։
Ղաանիի խոսքով՝ Հորմուզի նեղուցի հարցում իր դիրքորոշումից նահանջելու ԱՄՆ-ի դժկամությունը դիմադրության ուժերին մղել է այնպիսի գործողությունների, որոնց հետևանքով, ըստ նրա, ամերիկացիները կարող են կորցնել իրավիճակի վերահսկողությունը նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում։
Ղաանին նախազգուշացրել է, որ պատերազմի շարունակման դեպքում դիմադրության միասնական ճակատն ունակ է լուրջ հարված հասցնել ԱՄՆ-ին ինչպես բուն մարտադաշտում, այնպես էլ ռազմավարական այլ ուղղություններում ձեռնարկվող քայլերի միջոցով։