Արծվաշենի և Տիգրանաշենի տարածքների ճշգրիտ մակերեսների վերաբերյալ տվյալներ չկան․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

կողմից admin1
Արծվաշենի և Տիգրանաշենի տարածքների ճշգրիտ մակերեսների վերաբերյալ տվյալներ հնարավոր կլինի ներկայացնել համապատասխան իրավական կարգավորումների և միջպետական համաձայնությունների առկայության դեպքում, ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արծվաշենի և Տիգրանաշենի հարցի լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ հայտարարություններին՝ Թովմասյանը նշել է, որ դրանք դեռ չի կարող մեկնաբանել։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15–ի ճեպազրույցում ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն անկլավ-էքսկլավների հարցի լուծման մի քանի տարբերակ են քննարկում, այդ թվում՝ համապատասխան ճշգրիտ տարածքներ փոխանակելու և սահմանի երկու կողմերում անկլավ և էքսկլավ չունենալու մասին։
Հաջորդ օրը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, լրագրողների հետ զրույցում, պարզաբանելով վարչապետի միտքը, մասնավորապես ասել էր, թե ենթադրենք մենք չենք վերցնում Արծվաշենը, այդ նույն չափի տարածք իրենք մեզ տալիս են սահմանի վրա։ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը ևս հարցին գրեթե նույնաբովանդակ պատասխան է տվել` ասելով, թե քննարկում են, որ Քյարքին վերջնականապես վերածվի Տիգրանաշենի, պայմանական ասած, Արծվաշենն էլ՝ Բաշքենդի։
Հարցին` ինչպես կարող են գործնականում իրականացվել նման լուծումները, Կադաստրի կոմիտեի ղեկավարը կրկին խուսափողական պատասխան է  տվել` ասելով, թե ապագան ցույց կտա։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ ցանկացած լուծում պետք է ունենա իրավական հիմք։ Սակայն իրավական հիմքի մասին էլ Կադաստրի կոմիտեի ղեկավարը հստակ պատասխան չի տվել և չի պատասխանել` արդյոք Տիգրանաշենը ՀՀ կադաստրային փաստաթղթերում հաշվառվա՞ծ է որպես Հայաստանի տարածք։
«Կա ընդունված 2009 թվականին, եթե չեմ սխալվում, օրենք` վարչատարածքայինի, այնտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում, տենց ինչ-որ ձևակերպում կա։ Բայց թե ինչ հիմքով է դա այդտեղ հայտնվել, սա այլ, առանձին առարկա է, և կրկին իրավաբանների ուսումնասիրության հարց է»,– նշել է նա։
Անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծի իրականացման համար անհրաժեշտ տարածքների չափագրմանը՝ Թովմասյանը հայտնել է, որ այս մասին էլ տեղեկություն չունի և չգիտի նախատեսվող հատվածի լայնության կամ անհրաժեշտ տարածքի մակերեսի մասին։ Նրա կարծիքով` այդ հարցերը պետք է քննարկվեն հայ–ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքների ընթացքում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode