Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը ներկայումս փաստացի չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին։
Ճեպազրույցի ընթացքում Պեսկովին հարցրել են՝ արդյոք Հայաստանի՝ երկու տարի անդամավճարները չվճարելը և ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրության բացակայության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարող են հանգեցնել երկրի՝ կազմակերպությունից հեռացմանը։
«Դուք գիտեք, որ Երևանն այս պահին փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Դուք լսել եք Երևանի պաշտոնական հայտարարությունը ՀԱՊԿ-ին մասնակցելու նպատակահարմարության վերաբերյալ։ Իրոք, որոշակի քայլեր նշված են կանոնադրական փաստաթղթերում։ Ամեն ինչ կախված կլինի կազմակերպության շրջանակներում տեղի ունեցող քննարկումներից»,– ասել է Պեսկովը։
Նշենք, որ Պեսկովի խոսքով՝ Հայաստանի հետագա կարգավիճակի հարցը կախված կլինի ՀԱՊԿ-ի շրջանակներում քննարկումներից։