Բելգիայում հետաքննում են լայնածավալ կիբերհարձակումը, որի հետևանքով գողացվել են Ֆլանդրիայի 82 համայնքների շուրջ 1,2 միլիոն բնակիչների և աշխատակիցների անձնական տվյալները, հայտնում է VRT-ն։
Կիբերանվտանգության ոլորտում գործող Secutec ընկերության տվյալներով՝ Ghost Hunters խմբավորման հաքերն օգտագործել է արհեստական բանականության չինական DeepSeek մոդելը։ Բելգիայի կիբերանվտանգության կենտրոնը (CCB) առայժմ չի հաստատել արտահոսքի ճշգրիտ ծավալները։
Հետաքննություն է սկսել Արևելյան Ֆլանդրիայի դատախազությունը․ ենթադրվում է, որ այս նահանգը մյուսներից ավելի շատ է տուժել։ Քննիչները տեղեկություններ են հավաքում, սակայն առայժմ չի հստակեցվում՝ գործը կքննվի որպես դատական քննություն, թե նախնական ստուգում։
Secutec-ի և միջազգային SOCRadar ընկերության տվյալներով՝ BabidiGhost կեղծանվամբ գործող չարագործը մուտք է ստացել Ֆլանդրիայի թափոնների վերամշակման կետերին ծառայություններ մատուցող ընկերության կենտրոնական սերվեր։ Այդ կետերն օգտագործում են անձը հաստատող փաստաթղթերի տվյալները՝ ստուգելու համար՝ արդյոք այցելուն բնակվո՞ւմ է համապատասխան համայնքում։
Սերվերում պահվում էին բնակիչների մասին տեղեկություններ պարունակող չպաշտպանված պանակներ։ Դրանց միջոցով հաքերը հասանելիություն է ստացել 65 համայնքների տվյալներին, իսկ միջհամայնքային միավորման պանակի միջոցով՝ ևս 17-ի։ Գողացված տեղեկությունների թվում են անունները, հասցեները, ծննդյան ամսաթվերը, սեռը, ազգային ռեգիստրի և անձը հաստատող փաստաթղթերի համարները, բանկային հաշիվների IBAN համարները։ Որոշ դեպքերում գողացվել են նաև ավտոմեքենաների հաշվառման համարանիշները։
Secutec-ի տվյալներով՝ տեղեկությունների մի մասն արդեն վաճառքի է հանվել դարքնեթում։ Ընկերությունը նաև պնդում է, որ հաքերը պատվիրատու է ունեցել, որը հետաքրքրված է եղել Բելգիայի տվյալներով։ Միաժամանակ հայտնի չէ՝ հաջողվե՞լ է արդյոք վաճառել գողացված տեղեկությունների զգալի մասը։
Էթիկական հաքեր Ինտի Դե Կյոկելերը VRT NWS-ին հայտնել է, որ շփվել է ենթադրյալ չարագործի հետ՝ նրա ինքնությունը պարզելուց հետո։ Նրա խոսքով՝ վերջինս իր գործողությունները բացատրել է գումար վաստակելու ցանկությամբ և պատմել, որ արհեստական բանականությունն օգտագործել է կիբերհանցագործություններ կատարելու համար։ Սակայն հաքերը նշել է տուժած համայնքների այլ թիվ՝ 30՝ նշելով, որ դրանց տվյալները ստացել է մեկ համակարգչից։ Դե Կյոկելերը չարագործի մասին տեղեկությունները փոխանցել է ոստիկանությանը։
Մասնագետների առանձնահատուկ մտահոգությունն առաջացրել է հաքերի կողմից ԱԲ-ի օգտագործումը՝ տեխնիկական գիտելիքների համեմատաբար ցածր մակարդակի պայմաններում։ Secutec-ի վերլուծության համաձայն՝ նոյեմբերի 6-15-ը նա DeepSeek-ին ուղարկել է ավելի քան 5800 հարցում, որոնցից մոդելն արգելափակել է ընդամենը 41-ը։
«Այստեղ առնչություն կա ԱԲ-ի հետ, որը հանցագործներին լրացուցիչ հնարավորություններ է տալիս»,- նշել է CCB-ի ներկայացուցիչ Միգել Դե Բրյոյկերը։ Ըստ նրա՝ կենտրոնը միջադեպի մասին տեղեկություն է ստացել նոյեմբերի 16-ին և անմիջապես տեղեկացրել ոստիկանությանն ու դատախազությանը։ Միաժամանակ տուժածների ճշգրիտ թիվն առայժմ հաստատված չէ։
Secutec-ում նաև մատնանշել են սերվերի անբավարար պաշտպանությունը․ տվյալները գաղտնագրված չեն եղել, իսկ հասանելիության վերահսկողությունը թույլ է եղել։ Ընկերության գլխավոր տնօրեն Գեերտ Բաուդևեյնսի կարծիքով՝ այդ դեպքը ցույց է տալիս այն ռիսկերը, որոնք կապված են պետական կառույցների՝ կապալառուների միջոցով աշխատելու հետ, երբ վերջիններիս կիբերանվտանգությունը կարող է չհամապատասխանել անհրաժեշտ չափանիշներին։
Մասնագետների տվյալներով՝ Ghost Hunters խմբավորումը հարձակվել է ոչ միայն Ֆլանդրիայի համայնքների վրա։ Ընդհանուր առմամբ դրա թիրախ են դարձել Բելգիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի ավելի քան 50 կազմակերպություններ, դրանց թվում՝ բանկեր, ապահովագրական ընկերություններ, վճարային և ֆինանսատեխնոլոգիական ծառայություններ, մոլեխաղային հարթակներ ու կրիպտոարժույթների բորսաներ։