Գերմանիայի Սաքսոնիա–Անհալթ երկրամասում՝ որը Գերմանիայի 16 դաշնային երկրներից մեկն է, նախօրեին տեղի է ունեցել խորհրդարանի ընտրություն, որի արդյունքը դիտվում է Գերմանիայի համար գրեթե հեղափոխական կամ շրջադարձային։ Սաքսոնիա–Անհալթի խորհրդարանի ընտրությանը մեծ առավելությամբ հաղթել է Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը, որը համարվում է ծայրահեղ աջ ուժ, եւ որը գլխավորում է Ալիս Վայդելը։ Կուսակցությունը ստացել է 44 տոկոս։ Իսկ ներկայումս Գերմանիայում կառավարող Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը ստացել է ընդամենը 18 տոկոս։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ է, որ ծայչահեղ աջ ուժը հաղթում է Գերմանիայի որեւէ տեղական ընտրության, այն էլ այսպիսի մեծ առավելությամբ։
Մյուս կողմից, 44 տոկոս ձայնը ԱԳՀ–ին չի տալիս կառավարություն ձեւավորելու հնարավորություն, իսկ այդ ուժի հետ կոալիցիա կազմել՝ մյուս ուժերը չեն ցանկանում։ Եվ այդ առումով պարզ չէ, թե ինչպես է լուծվելու երկրամասի կառավարության հարցը։
Այստեղ իհարկե դիտարկման է արժանի եւ այն, որ Սաքսոնիա–Անհալթը այսպես ասած արեւելյան Գերմանիայում է, նախկին ԳԴՀ տարածքում։ Գերմանիաների միավորումից հետո նախկին ԳԴՀ–ում առհասարակ կա սոցիալական որոշակի տարբերություն, ինչը բերում է տրամադրությունների տարբերության։ Թեեւ, իհարկե անգամ այդ դեպքում երբեք չի եղել, որ հաղթի ծայրահեղ աջ ուժը եւ անկասկած է, որ ԱԳՀ համար այս հաղթանակը մեծ առաջընթաց է։
Առավել եւս, որ կուսակցությունը նաեւ նախորդ տարի կայացած համապետակա՝ Գերմանիայի դաշնային խորհրդարանի համար ընտրությանը արձանագրեց աննախադեպ հաջողություն, զբաղեցնելով երկրորդ տեղը։ Այնպես որ, առհասարակ ակնառու է, որ Գերմանիայում կա աջ ծայրահեղական ընկալվող կուսակցության հեղինակության, հանրային վարկանիշի նկատելի, շոշափելի աճ։ Եվ, եթե այն նախորդ տարի դաշնային մակարդակով արդեն երկրորդն էր, ապա այս տարի արդեն կա եւս մեկ քայլ առաջ։ Իհարկե ավելի ցածր՝ երկրամասային մակարդակով, բայց ԱԳՀ–ն արդեն առաջինն է։
Իսկ սա իհարկե ոչ միայն Գերմանիայի, այլ նաեւ ամբողջ Եվրոպայի համար կարող է լինել շատ նշանակալից քաղաքական տրանսֆորմացիայի խոշոր միտում։
Այս մասին գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը