Արարատի ցեմենտի գինը կտրուկ թանկացել է․ 2700 դրամից այն հասել է 3500 դրամի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահե Սարգսյանը։
Նրա փոխանցմամբ՝ թանկացել է նաև իրանական ցեմենտը․ 3500 դրամից այն դարձել է 4000 դրամ։ Միաժամանակ շուկայում ցեմենտի լուրջ պակաս է առաջացել, և, ըստ Սարգսյանի ներկայացրած տեղեկությունների, բազմաթիվ ընկերություններ ստիպված են եղել դադարեցնել շինարարական աշխատանքները։
Նշվում է նաև, որ ցեմենտ տեղափոխող իրանական բեռնատարների մի մասը կանգնած է սահմանին։
Ցեմենտի թանկացումն արդեն անդրադառնում է նաև բետոնի արժեքի վրա․ մեկ խորանարդ մետր բետոնի գինը, ըստ հրապարակված տեղեկության, աճել է մոտ 4000 դրամով։ Սա կարող է շղթայական ազդեցություն ունենալ շինարարության և, մասնավորապես, անշարժ գույքի շուկայի վրա։