Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից Եվրոպական Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ներկայացված պահանջը։
Մասնավորապես, Գագիկ Խաչատրյանը դիմել էր ՄԻԵԴ խնդրելով ՄԻԵԴ-ին պարտավորեցնել ՀՀ կառավարությանը՝ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և որևէ կերպ չսահմանափակել նրա ազատությունը, դադարեցնել նրան պատգարակի վրա տեղափոխելու պրակտիկան, ապահովել նրա բժշկական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրացումը, վերացնել նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը և թույլ տալ բուժման նպատակով մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել են, որ ՄԻԵԴ-ը ներկայացված պահանջը կոմունիկացրել էր Հայաստանի կառավարությանը՝ կողմերին ուղղելով վերաբերելի հարցեր և հնարավորություն տալով ներկայացնել իրենց դիրքորոշումները։