Ադրբեջանն ընդլայնում և ամրապնդում է իր դիրքերը Ջերմուկի շրջանում

կողմից admin2

Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրապնդել է իր ռազմական դիրքերը Ջերմուկի հարակից հայկական տարածքներում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները։

Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին ներխուժել է Ջերմուկի մերձակայքում գտնվող հայկական տարածքներ։ Լրատվամիջոցի գնահատմամբ՝ ադրբեջանական զինված ուժերի ֆիզիկական ներկայությունն այդ հատվածում ընդգրկում է ավելի քան 70 քառակուսի կիլոմետր տարածք։

Նշվում է, որ 2022-2023 թվականներին ադրբեջանական կողմն այդ տարածքներում իրականացրել է ինժեներական լայնածավալ աշխատանքներ։ Սակայն նոր արբանյակային լուսանկարները վկայում են, որ աշխատանքները շարունակվել են նաև այս տարի։

Մասնավորապես, 2026 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի լուսանկարներում նկատվում են նոր դիրքային ենթակառուցվածքներ, ինչպես նաև նախկինում առկա դիրքերի ընդլայնման և ամրապնդման աշխատանքներ։

Sputnik Արմենիայի տվյալներով՝ աշխատանքները ներառում են մուտքի ճանապարհների ընդլայնում, դիրքերի զարգացում և պաշտպանական ենթակառուցվածքների ամրապնդում։ Լրատվամիջոցը սա գնահատում է որպես ոչ թե առանձին գործողությունների, այլ համակարգված ռազմական ենթակառուցվածքի զարգացման գործընթաց։

Հրապարակման համաձայն՝ ուսումնասիրված դիրքերը գտնվում են նախկին խորհրդային սահմանից 1.2-6 կմ խորության վրա։ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1974 թվականի տեղագրական քարտեզների համաձայն՝ այդ տարածքները Խորհրդային Հայաստանի կազմում են եղել։

Նշվում է նաև, որ ադրբեջանական դիրքերը տեղակայված են Արփա և Որոտան գետերի կիրճերի միջև՝ միմյանցից մոտ 10 կմ հեռավորության վրա։

Հատկանշական է, որ ռազմական ենթակառուցվածքների ընդլայնման գործընթացը շարունակվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մեկնարկից և 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո։

Sputnik Արմենիան ընդգծում է, որ ադրբեջանական կողմի դիրքերի ամրապնդման դեպքեր արձանագրվել են ոչ միայն Ջերմուկի շրջանում, այլև Սյունիքի և Տավուշի ուղղություններով։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode