ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն այս պահին դեռ «Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խմբի» ավագ խորհրդականի կարգավիճակում է, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը:
168.am-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը նախ հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկացել է, որ ապաշրջափակումը լինի միջանցքի տրամաբանությամբ` ՌԴ վերահսկողությամբ, իսկ ԹՐԻՓՓ-ը ստացվել է միայն այն պատճառով, որ վերացել է միջանցքի տրամաբանության սպառնալիքը։
«Այստեղ բնական հարց է առաջանում. ենթադրենք, որ Ռուսաստանի ուզածը միջանցքային տրամաբանությամբ ապաշրջափակումն էր, բայց դրա համար հիմք պիտի ծառայեր 2020 թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը, որի տակ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ստորագրություններն են:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է միջանցք պահանջող փաստաթղթի տա՞կ, և դրանից հետո նոյեմբերի 9-ի տրամաբանության մեջ ևս երկու եռակողմ հայտարարությո՞ւն ստորագրել՝ ռուսական կողմի միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ երբ ՀՀ իշխանությունների ընդդիմախոսները խոսում էին, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում վտանգավոր կետեր կան այս առումով, նրանք վստահեցնում էին, որ այդտեղ միջանցքի մասին խոսք չկա:
Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության տակ ստորագրելով, որի 9-րդ կետում, մասնավորապես, նշվում է.
«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»:
2024 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «COP-29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ ևս ուշադրություն էր հրավիրել վերը նշված փաստի վրա՝ նշելով.
«Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային հաղորդակցություն, որի նկատմամբ վերահսկողություն պիտի իրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ուժերի կողմից: Այս հայտարարությունը ստորագրել են ՌԴ նախագահ Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես»:
Արմեն Գրիգորյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում շարունակելով թեման, նշել է, որ ԹՐԻՓՓ-ով շահագրգռված է Հայաստանը, Բրյուսելը, ԱՄՆ-ը, լայն համատեքստում ապաշրջափակման թեմայով հետաքրքրված է նաև Իրանը:
«Ադրբեջանը հնարավորություններ ստանում է, Թուրքիան ստանում է, Հայաստանն առավել մեծ հնարավորություններ է ստանում: Կարծում եմ, որ ԹՐԻՓՓ-ից հնարավորություններ ստանում է նաև Ռուսաստանը, սակայն նրա հաշվարկներն ավելի շատ աշխարհաքաղաքական են, քան տնտեսական: Մյուս կողմից, տնտեսապես Ռուսաստանը ևս շահում է, քանի որ առնվազն մեկ ԵԱՏՄ անդամ ավելի շատ ենթակառուցվածքային հնարավորություն է ունենում»,- նշեց նա:
Այս համատեքստում անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հաստատման հարցում երաշխավորներ լինել-չլինելուն, ԱԽ նախկին քարտուղարն ասաց, որ ԱՄՆ-ը չի ցանկացել ստանձնել նման պատասխանատվություն և գերադասել է վկայի դերը:
«Ես ամենաշատ վախը տեսել եմ, երբ երաշխավոր լինելու առաջարկությամբ ենք հանդես եկել։ Օրինակ, ԱՄՆ-ի ամենամեծ վախը, երբ երաշխավորի ինստիտուտի մասին բառ է հնչել բանակցությունների սենյակում։ Ամենամեծ դողն էդ ժամանակ է եղել։ Ինչո՞ւ։ Որովհետև իրենք իրենց պարտավորությունները կատարելու մեծ պատասխանատվություն են ունենում։ Եվ իրենք հասկանում են՝ դա շատ մեծ պատասխանատվություն է, և չեն ուզում նման պատասխանատվության տակ մտնել»,- խոստովանեց Արմեն Գրիգորյանը:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Թրամփը, որի պաշտոնավարման ժամանակ տեղի է ունեցել 2020թ. 44-օրյա պատերազմը, կասկածներ ունի կայուն խաղաղության հաստատման հարցում, կամ՝ որ այն կարող է ինչ-որ պահի խաթարվել»: