«Սրբազան պայքարի» գործով անցնող պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը դատարանը երկարաձգեց մինչև 2027 թվականի փետրվարի 8-ը։
Հանրային մեղադրողը միջնորդեց պահպանել ընտրված խափանման միջոցը՝ ժամկետի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։
«Արդեն մեկ տարի 4 ամիս ես և Բագրատ Սրբազանը գտնվում ենք կալանքի մեջ, իսկ 16 արդարները՝ տարբեր ժամանակներում։ Շատ դեպքեր են եղել, ասել ենք՝ այս դահլիճում արդարադատություն չի իրականացվում։ Սա փնթի կարված գործ է։ Ես իմ փաստաբաններին խնդրել եմ, խնդրում եմ միջնորդություն չանել, քանի որ այս դահլիճում արդարադատություն չկա… Ոչ թե հոգնել ենք, այլ հասկացել ենք՝ այս դահլիճում արդարադատություն չկա, կարիք չկա մեր թանկ ժամանակն ու խոսքերն այստեղ օգտագործել։
Միջնորդում եմ միանգամից 1 տարի երկարացրեք, որ ամեն անգամ, ամեն ապօրինի որոշում կայացնելիս ոչ մեղադրողն իրեն վատ զգա, ոչ էլ դուք»,- ասաց Արթուր Սարգսյանը՝ դիմելով դատավորին։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց, որ դատարանը գտնում է Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի իրավաչափության փոփոխություն տեղի չի ունեցել, խոչընդոտելու ռիսկերի հավանականությունը առկա են, այդպիսիք չեն նվազել, հետևաբար կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգել մինչև 2027 թ. փետրվարի 8-ը։
Արթուր Սարգսյանն ընտրվել է 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր, սակայն այս ԱԺ-ն նրան անձեռնմխելիությունից չի զրկել։ Փոխարենը, դատարանը որոշել է, որ նա պետք է մնա կալանքի մեջ, քանի որ 8-րդ գումարման ԱԺ-ն նրան զրկել է անձեռնմխելիությունից։