19
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է այցելել Ադրբեջան նոյեմբերի 8-ին՝ Հաղթանակի օրը, ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների հատուկ բնույթը՝ երկկողմ կապերում ճգնաժամի մասին գնահատականների ֆոնին:
«Ակնկալում եմ այցելել Ադրբեջան նոյեմբերի 8-ին, եթե արտակարգ հանգամանքներ չառաջանան: Ուղևորությունը կարող է հնարավորություն դառնալ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար»,- լրագրողներին ասել է նա ինքնաթիռում՝ Հարավային Կորեայից վերադառնալիս:
Պատասխանելով Բաքվի հետ հարաբերությունների վիճակի մասին հարցին՝ Էրդողանը նշել է, որ «Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը» չունի այնպիսի խոչընդոտներ, որոնք չի կարող հաղթահարել:
Էրդողանը նշել է, որ արդեն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բացի այդ, նրա խոսքով, Բաքու են ուղևորվել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը և արտաքին գործերի նախարարը: Թուրքիայի նախագահը հայտնել է նաև բարձր մակարդակով դիվանագիտական շփումների շարունակման մասին, ներառյալ Ալիևի հետ հեռախոսազրույցները, ինչպես նաև առաջին տիկինների միջև շփումները: