Եթե ինձ մեղավոր ճանաչեն, հացադուլ եմ սկսելու․ «Հրապարակ»

կողմից admin1

Գեղարքունիքի մարզի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից, շուրջ 6 տարի մեղադրյալի կարգավիճակում գտնվող Մեսրոպ Գեւորգյանին ապօրինաբար  մեղադրանք  են առաջադրել եւ դասալիքի պիտակ կպցրել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու ստորագրությունը, գրում է «Հրապարակը»։

Մեսրոպ Գեւորգյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին որպես կամավոր դիմել է զինկոմիսարիատ եւ մեկնել ռազմաճակատ՝ հայրենիքը պաշտպանելու։ Սակայն որոշ ժամանակ անց առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել ժամանակավորապես լքել մարտական դիրքը, վերադառնալ, թեեւ անմիջապես ներկայացել է պատասխանատու մարմիններին, բացատրել իրավիճակը։ Սակայն, այնուամենայնիվ, պարտության մեղավորներ փնտրելու ընթացքում հարուցված հազարավոր քրեական վարույթների թվում նաեւ իր նկատմամբ է քրեական գործ հարուցվել, եւ արդեն շուրջ վեց տարի իրեն դատում են՝ որպես դասալիքի։ Չնայած կարող էր ո՛չ կամավոր մեկնել ռազմաճակատ, ո՛չ էլ ինքն անձամբ պատասխանատու է պարտության համար։

Գեւորգյանը պատմում է, որ ռազմի դաշտից վերադառնալուց հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ապա՝ ռազմական ոստիկանություն եւ իր հրամանատարին՝ փորձելով կարգավորել ծառայության հետ կապված իրավիճակը։ «Ես ինքնակամ ներկայացել եմ ոստիկանություն, հետո՝ հրամանատարին, նույնիսկ ռազմական ոստիկանություն եմ ներկայացել։ Դրանից հետո կրկին գնացել եմ հրամանատարի մոտ։ Սակայն իմ ներկայությունը հրամանատարը չի գրանցել՝ պատճառաբանելով, որ գնամ՝ հարցերս ռազմական ոստիկանության հետ կարգավորեմ։ Դատարանում ռազմական ոստիկանն ասում է՝ այո, հիշում եմ, որ եկել էր, բայց թե ինչի համար էր եկել, չեմ հիշում»,- պատմում է Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ ինքը նաեւ պարտավորագիր է գրել, որ պատրաստ է ինքնակամ ներկայանալ եւ շարունակել ծառայությունը, բայց զինկոմիսարիատում իրեն հայտնել են, որ այլ զորամաս տեղափոխել չեն կարող, քանի դեռ իրեն տվյալ զորամասից չեն զորացրել։ Գեւորգյանի գնահատմամբ՝ հենց այս հանգամանքների արդյունքում առաջացել է իրավական խնդիր, որի հետեւանքով իրեն առաջադրել են դասալիքի մեղադրանք։ Օգոստոսի 16-ի դատական նիստում դատարանն արդեն հրապարակել է մեղադրական վերդիկտը, հաջորդիվ արդեն դատավորը պետք է պատիժ նշանակի, եւ Գեւորգյանը համոզված է, որ իրեն դատապարտելու են։ Նա նաեւ նշում է, որ դատարանում բազմիցս պահանջել է ուսումնասիրել իր հեռախոսազանգերի տվյալները՝ պարզելու, թե պատերազմի օրերին ում հետ է կապի մեջ եղել եւ ինչ գործողություններ է կատարել, բայց, չգիտես ինչու, անտեսում են իր պահանջները։ «Ես ասում եմ՝ հանեք բոլոր հեռախոսազանգերը, տեսեք՝ ում հետ եմ խոսել, ում եմ ներկայացել։ Ես ինքնակամ ներկայացել եմ ոստիկանություն, ռազմական ոստիկանություն եւ իմ հրամանատարին»,- ասում է նա՝ փորձելով ապացուցել, որ իր գործողություններում դասալքություն չկա։

Մեսրոպ Գեւորգյանի խոսքով՝ գործի ընթացքում հակասություններ են առաջացել նաեւ իր հրամանատարի ցուցմունքների հետ կապված։ Դատարանում այդ անձը սկզբում ներկայացել է որպես իր հրամանատար, այնուհետեւ հայտարարել է, որ ինքը տվյալ զորամասի հրամանատարը չի եղել։ Գեւորգյանը դժգոհ է նաեւ վկաների շրջանակից։ Գործով հիմնականում հրամանատարներն են ներգրավված՝ որպես վկաներ, մինչդեռ իր ծառայակիցներից որեւէ մեկը, չնայած իր պահանջներին, որպես վկա չի ներգրավվել։ Նրա պնդմամբ՝ գործի ընթացքում հակասություններ են եղել նաեւ իրեն տրամադրված արձակուրդի եւ զենքի հանձնման ու ստացման ժամկետների վերաբերյալ։ «Եռօրյա արձակուրդ էին տվել, զենքի հանձնումը եղել էր, բայց ասում են՝ օրերը չեն համապատասխանում զենքի հանձնման ու ստացման տվյալներին։ Ամեն ինչ նորից կապում են պատերազմական իրավիճակի հետ, թե՝ խառն էինք։ Ասում են, թե այդ օրերին նորմալ կապ չկար։ Երբ իրենց պետք է, կապը նորմալ էր, երբ պետք չէ` խառն էին, կապ չկար»,- նշում է նա՝ ընդգծելով, որ գործի քննությունը շուրջ վեց տարի շարունակվել է, իսկ իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ երկրից չբացակայելը։

Մեր զրուցակիցն այստեղ էլ է զարմանում` եթե դասալիք էր, փախչող էր, ինչո՞ւ էին ազատ թողել իրեն։

Գործով հաջորդ դատական նիստը նախատեսված է սեպտեմբերի 16-ին, որի ընթացքում նախատեսվում է հրապարակել դատավճիռը, բայց մինչ այդ` մինչեւ սեպտեմբերի 10-ը, մեղադրյալը պատրաստվում է դիմումներ եւ բողոքներ ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին՝ գործի քննության ընթացքում, իր գնահատմամբ, թույլ տրված խախտումների վերաբերյալ։ Նա պատրաստվում է բողոքներ ներկայացնել նաեւ քննիչի, դատախազի եւ դատավորի գործողությունների վերաբերյալ։ Ասում է՝ դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն եւս ներկայացրել է եւ պատրաստվում է իրավական բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել իր իրավունքները։

Մեսրոպ Գեւորգյանը հայտարարում է, որ եթե սեպտեմբերի 16-ին իր նկատմամբ դատարանը կայացնի անարդար որոշում, պատրաստվում է դիմել նաեւ հացադուլի։ «Եթե հերթական անարդարությունը լինի, ես պատրաստ եմ նաեւ հացադուլի դիմել, դա դատարանում էլ եմ հայտարարել»։ Նշենք, որ դատավարությունը տեղի է ունենում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի առաջին ատյանի դատարանում։ Մեսրոպ Գեւորգյանն ունի անչափահաս երեխաներ, որոնք գտնվում են իր խնամքի ներքո։

 

Focus Mode