Այսօր Եվրոպայում ռումբի մասին ահազանգերի պատճառով առնվազն մեկ տասնյակից ավելի չվերթներ ստիպված են եղել փոխել իրենց երթուղիներն ու հարկադրված վայրէջքներ կատարել։ CNN-ը գրում է, իրավասու մարմինները հայտնել են՝ որևէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Չվերթների երթուղու փոփոխման դեպքերից չորսը տեղի են ունեցել Չեխիայում։ Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայանի ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ ռումբի մասին սպառնալիքները ստացվել են անանուն էլեկտրոնային նամակի միջոցով։ Նամակը ստացել են նաև այլ օդանավակայաններ։
Դուբլին-Հռոմ չվերթի օդանավը նման ահազանգի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ռազմական օդանավակայանում։ ԿԵղծ ահազանգեր ստացել են նաև Հելսինկի-Հռոմ, Հելսինկի-Վիեննա, Միլան-Բուխարեստ ու այլ չվերթների ինքնաթիռներ։
Պրահայի օդանավակայանն անմիջապես կապ է հաստատել արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ և գումարել ճգնաժամային հանձնաժողովի նիստ։
Ո՛չ օդանավակայանի ներկայացուցիչը, ո՛չ էլ ոստիկանությունը չեն նշել, թե որ լեզվով է գրված եղել էլեկտրոնային նամակը։