Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներից մի քանիսը սնանկացման վտանգի տակ են․ Փաստաբան Էմին Խաչատրյանը։

կողմից admin2

Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններ կարող են կանգնել սնանկացման վտանգի առաջ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարել է փաստաբան Էմին Խաչատրյանը։

Փաստաբանի խոսքով՝ այս պահին շուրջ 15 ընկերություն կապարակնքված է, ինչի հետևանքով դրանց բնականոն գործունեությունը խաթարվել է։ Նրա պնդմամբ՝ ընկերությունների կապարակնքումը իրավաչափ չէ, քանի որ քրեադատավարական օրենսդրությամբ նման գործողության համար հիմք նախատեսված չէ։

«Նպատակ կա կազմակերպությունների աշխատանքը պարալիզացնել, որոշ դեպքերում էլ՝ սնանկացման վտանգ կա»,– ասել է Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ՝ խնդիրն առավել լուրջ է այն ընկերությունների դեպքում, որոնք վարկային միջոցներ են ներգրավել և արդեն շուրջ երկու ամիս չեն կարողանում լիարժեք իրականացնել իրենց գործունեությունը։ Աշխատանքի դադարեցումը, փաստաբանի գնահատմամբ, կարող է հանգեցնել ֆինանսական պարտավորությունների կուտակման և հետագայում՝ սնանկացման ռիսկի։

Խաչատրյանը նաև նշել է, որ ընկերությունների գործունեության խաթարումը բացասական հետևանքներ է ունենում ոչ միայն բիզնեսների, այլև պետության համար։ Մասնավորապես, չեն վճարվում հարկերը, իսկ շուրջ 10 հազար աշխատակիցներ հայտնվել են հարկադիր պարապուրդում և, նրա խոսքով, աշխատավարձ չեն ստանում։

Focus Mode