Ֆրանսիան պատրաստվում է թերևս վերջին տարիների ամենամեծ ցույցերին։ Ակնկալվում է, որ ողջ երկրում փողոց դուրս կգա 500 000- 700 000 ցուցարար։
CNN-ի փոխանցմամբ, երկրում համատարած գործադուլներ են, որոնք կազմակերպել են «L’intersyndicale» միավորման կողմից։ Այն ներկայացնում է Ֆրանսիայի բոլոր հիմնական արհմիությունները։
Ակնկալվում է, որ դրանք բացասաբար կազդեն կրթության, առողջապահության, հասարակական տրանսպորտի և այլ ոլորտների վրա, իսկ բազմաթիվ ծառայություններ մեկ օրով կդադարեցնեն աշխատանքը։
Մասնավոր ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներ նույնպես նախատեսում են միանալ բողոքի ակցիային։
Համազգային գործադուլի հետևանքով փակ է նաև Էյֆելյան աշտարակը։ Տարեկան 7 միլիոն այցելու ընդունող աշտարակն այսօր փակ է ֆրանսիական արհմիությունների կազմակերպած համազգային գործադուլի պատճառով։
«Էլեկտրոնային տոմսեր ունեցող այցելուներին խնդրում ենք ստուգել իրենց էլեկտրոնային փոստը։ Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարության համար»,- նշված է Էյֆելյան աշտարակի կայքում։
Հակակառավարական բողոքի ակցիաները տարածվել են Ֆրանսիայի սահմաններից դուրս. վերջին շաբաթներին անհանգստություններ են գրանցվել նաև Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում և Ալբանիայում։ Թեև յուրաքանչյուր երկիր ունի իր յուրահատուկ խնդիրները, բողոքի ակցիաների հիմքում ընկած են ընդհանուր պատճառներ՝ տնտեսության վատ վիճակը, կյանքի թանկացումը և դժգոհությունը գործող կառավարություններից։