Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մի խումբ այլ անձանց գործով հերթական դատական նիստը։
Դատական նիստի ընթացքում քննվում է մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանը դատարանում միջնորդեց 3 ամսով երկարաձգել Ծառուկյանի խափանման միջոց կալանքը։
«Ըստ մեղադրանքի կողմի գնահատման, դեռևս չեն վերացել կիրառված խափանման միջոցի իրավարաչափության պայմաններն ու հիմքերը, մասնավորապես բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նա ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է չկատարել Քրեական դատավարության օրենսգրքում գրված պարտավորությունները՝ մասնավորապես խոչընդոտել քրեական վարույթին, միջամտել ապացուցման գործընթացին։
Այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովել մեղադրյալի նկատմամբ Քրեադատավարական օրենսգրքով դրված պարտականությունների կատարումը։ Նման պայմաններում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը իրավաչափ է կիրառված»,- ասաց Մարկոսյանը։
Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանն ազատության դեպքում մեղադրյալներից ո՞ւմ վրա կարող է ազդեցություն ունենալ։ Եթե այո, պետք է ասել ի՞նչ եղանակով, ո՞նց։ Այս բոլոր իրավիճակներում տեսնում ենք, որ անհնար է խոսել խոչընդոտման մասին։
Օրինակ, տուժողներից ո՞ւմ վրա կարող է ազդեցություն գործադրել ըստ մեղադրանքի կողմի կամ ըստ դատարանի։
Ամեն անգամ գալ ու ասել՝ ունի հեղինակություն, հնարավորություններ, ուրեմն կարող է ազդել։ Ի՞նչ անի այդ մարդը՝ հեղինակազրկվի, որ կալանքի հիմքը վերանա, հակառակ դեպքում չի վերանա։
Եվրոպական դատարանն այլ բան է ասում՝ անձի հեղինակությունը, անցած ուղին նայեք ու տեսեք՝ կարո՞ղ է այդ հեղինակությունից ելնելով՝ չխոչընդոտի։ Ասյինքն, ավելի դրական են դիտարկում այդ հեղինակությունը»։