Հայաստանը Թուրքիայի համար ուժեղ մրցակից է

կողմից admin2

Հայաստանը կարող է արհեստական բանականության ոլորտում դառնալ Թուրքիայի լուրջ մրցակից․ այս մասին գրում է թուրքական Turk-internet.com կայքը՝ անդրադառնալով Հայաստանի «FireBird» նախագծին։

Հեղինակի գնահատմամբ՝ Հայաստանը կարող է հետաքրքիր դիրք զբաղեցնել ԱԲ ենթակառուցվածքների և ներդրումների շուկայում, հատկապես ԱՄՆ-ի հետ համագործակցության շնորհիվ։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանի հիմնական առավելությունը միայն մատչելի հողն ու էլեկտրաէներգիան չէ։ Հեղինակի խոսքով՝ կարևոր գործոն է նաև ամերիկյան ԱԲ սարքավորումների էկոհամակարգին Հայաստանի արտոնյալ հասանելիությունը։

Նեբիլը նաև TRIPP-ի հնարավոր ազդեցությունն է ընդգծում։ Նրա կարծիքով՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհը կարող է հետագայում շարունակվել դեպի Թուրքիա և Եվրոպա՝ միանալով Միջին միջանցքի երթուղիներին։

Այս իրավիճակում Թուրքիան կարող է միաժամանակ և՛ մրցակցել Հայաստանի հետ՝ ԱԲ ոլորտում ներդրումներ ներգրավելու համար, և՛ դառնալ տարանցիկ երկիր, որով հայկական ԱԲ տվյալներն ու ծառայությունները կհասնեն Եվրոպա։

 Հոդվածում նշվում է, որ Թուրքիան ունի ակնհայտ առավելություններ՝ մեծ ներքին շուկա, ավելի մեծ կորպորատիվ պահանջարկ, զարգացած հեռահաղորդակցության համակարգ և գործող խոշոր տվյալների կենտրոններ։

Focus Mode