Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տևել է մեկուկես ժամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրեմլի տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։Նրա խոսքով՝ առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը։
Հեռախոսազրույցը կայացել է հոկտեմբերի 9-ի երեկոյան՝ Պուտինի՝ Թուրքմենստանից վերադառնալուց հետո։«Բավականին հագեցած, կասեի՝ բարեկամական զրույցը տևեց մեկուկես ժամ։ Ոչ ոք չէր ցանկանում առաջինը վայր դնել լսափողը»,– ասել է Ուշակովը։
Ուկրաինայի հարցով Ուշակովը հայտնել է, որ Պուտինը Թրամփին ասել է՝ Ռուսաստանը կդիտարկի, թե երբ հնարավոր կլինի վերսկսել Ռուսաստան–Ուկրաինա–ԱՄՆ եռակողմ բանակցությունները։ ՌԴ նախագահի օգնականի փոխանցմամբ՝ Պուտինը բանակցությունների անհապաղ վերսկսման խոչընդոտը կապել է Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ուկրաինական հարձակումների հետ։
Երկու երկրների առաջնորդները նաև քննարկել են տնտեսական խոշոր նախաձեռնությունների նախապատրաստումը, այդ թվում՝ ամերիկյան և համաշխարհային շուկաներ ռուսական նավթամթերքի հնարավոր մատակարարումները։ Անդրադառնալով Իրանին՝ Պուտինը ողջունել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող երկխոսությունը։ Ուշակովի խոսքով՝ Թրամփն իր հերթին ողջունել է Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման գործում Մոսկվայի ներգրավվածությունը։