17
Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ, և միջուկային զսպման վերաբերյալ քննարկումներն արտասովոր քայլեր չեն՝ հաշվի առնելով երկրի միջուկային օբյեկտների դեմ ուղղված բազմակի հարձակումներն ու դիվերսիոն գործողությունները։ Ինչպես «Արմենպրեսս»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, այս մասին սեպտեմբերի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նա հերքել է պնդումները, որ Թեհրանը փոխել է իր միջուկային դոկտրինը կամ քննարկում է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրից դուրս գալու հնարավորությունը։
Բաղային հավելել է, որ Իրանի միջուկային օբյեկտները տասնյակ դիվերսիաների են ենթարկվել, չնայած գտնվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության տակ, մինչդեռ Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրով ստանձնած պարտավորություններին։