Ով լավագույն առաջարկն անի, գնալու ենք դրա հետևից․ Փաշինյանը՝ նոր ատոմակայանի մասին

կողմից admin1

Արդեն պայմանավորվածություն ձեռք է բերվել, որ սեպտեմբերին «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը կներկայացնի այն առաջարկները, որն այսօր Ռուսաստանը կարող է անել Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, «Ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չի, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը։ Ով մեզ լավագույն առաջարկն անի, գնալու ենք այդ առաջարկի հետևից»։

Նշենք, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը սեպտեմբերի 29-ին կայցելի Երևան։

Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։ Առաջնորդները մանրամասն քննարկել են նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Լիխաչովը հայտարարել է, որ փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման հայաստանյան ծրագրերը կարող են փոխվել գիգավատտ հզորությամբ ռեակտորների օգտին: Այս հարցի շուրջ քննարկում կանցկացվի Հայաստանում։

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին: Մեծամորի ատոմակայանը չտուժեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից, սակայն 2 ամիս անց՝ 1989 թվականի փետրվարին, կանգնեցվեց և վերագործարկվեց 1995 թվականին:

Ի սկզբանե կայանի շահագործման վերջնաժամկետը 2016 թվականն էր, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների մասնակցությամբ ԱԷԿ-ի աշխատանքը երկարաձգվեց մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր ստորագրեցին կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համալիր միջոցառումներ իրականացնելու համար։

2025 թվականի հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում 5 պոտենցիալ գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ: Իսկ փետրվարին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրվեց «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ–ի կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։
Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը առավել շահավետ առաջարկ է փնտրում նոր ատոմակայանի կառուցման հարցում։ Միևնույն ժամանակ փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել էր, որ ամերիկացիները 9 միլիարդ դոլար կներդնեն Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում և փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարեն։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 2026 թվականի փետրվարին հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է սկզբունքային որոշում՝ կառուցել մոդուլային տիպի նոր ատոմակայան։ Նա նաև նշեց, որ կոնկրետ մոդելի և մատակարար երկրի ընտրության հարցում վերջնական որոշում դեռ չկա, ուսումնասիրությունները շարունակվում են։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode