Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն հավատարիմ է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը

կողմից admin2

«Մենք բազմիցս վերահաստատել ենք ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության շարունակականությանն ուղղված Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, որը նպատակաուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանը և մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որին մասնակցել է հեռավար կարգով։

Նա նշել է, որ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը ԵԱՏՄ միասնական շուկայի լիարժեք գործունեության հիմքն է։

«Միևնույն ժամանակ, այս սկզբունքների գործնական իրականացումը շարունակում է պահանջել մեր հատուկ ուշադրությունը։ Ցավոք, Չոլպոն-Աթայում Միջկառավարական խորհրդի նիստին իմ նախորդ մասնակցությունից ի վեր առկա մի շարք հարցերի ուղղությամբ էական առաջընթաց արձանագրել չի հաջողվել։

Մասնավորապես, պահպանվում են սահմանափակումներ և վարչական խոչընդոտներ, որոնք շարունակում են էապես դժվարացնել միասնական շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը։

Այս կապակցությամբ կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան Հայաստանի արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակումը։

Վստահ եմ, որ այս ուղղությամբ հետևողական առաջընթացը բխում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերից՝ ապահովելով առևտրային հոսքերի կայունությունը, շուկայի մասնակիցների համար պայմանների կանխատեսելիությունը, ինչպես նաև ինտեգրացիոն համագործակցության հետագա ամրապնդումը»,- ասել է Փաշինյանը։

Focus Mode