Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո»

կողմից admin3

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի, 7 նոր պայմանագիր է կնքել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ բյուջեից հատկացվել է 632 հազար 676 դրամ։

Պայմանագրերը կնքվել են «Բարդիններ», «Արտէքսիմ», «Սաս-Գրուպ» ՍՊ ընկերությունների և Գայանե Կիրակոսյան, Մհեր Մարտիրոսյան, Թամարա Բեջանյան անհատ ձեռնարկատերերի հետ։

Կնքված պայմանագրերի շրջանակներում հիմնականում ձեռք են բերվել ներկայացուցչական ծառայություններ։

Գումարի մեծ մասը՝ 382 հազար 800 դրամը, տրամադրվել է կոնյակներ ձեռք բերելու համար։ Մասնավորապես, ձեռք են բերվել «Նոր Նաիրի» 0.7 և 15 տարվա հնեցման «Վասպուրական» 0.7 կոնյակներ։ Մատակարարը «Արտէքսիմ» ՍՊ ընկերությունն է, որի ծառայություններից օգտվում են տարբեր գերատեսչություններ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Արտաշես Գաբրիելյանին 1996 թվականից։

Պայմանագիր է կնքվել նաև սուրճի ընդմիջում կազմակերպելու, լուծվող սուրճ ձեռք բերելու համար։ Ինչպես նաև ձեռք են բերվել կլոր կնիքներ և դրոշմակնիքներ։ Նախարարությունը նաև պայմանագիր է կնքել չժանգոտվող պողպատից ցուցանակի պատրաստման համար։

Հետաքրքրականն այն է, որ պետության հաշվին առանց մրցույթի կնքվող պայմանագրերի թիվը պակասելու փոխարեն ավելանում է, իսկ կապալառուները շատ հաճախ լինում են նույնը։

Focus Mode