Yerkir.am-ը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի ելույթը, որը վերջինս ունեցել է 2012 թ․ Լեհաստանի Կրինիցա քաղաքում՝ «Ինչպես կարող է Արեւելյան գործընկերությունը նպաստել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը» թեմայով տեղի ունեցած քննարկմանը։
***
«Օգոստոսի 31-ին, Կրինիցայի տնտեսական ֆորումի բացումից մի քանի օր առաջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն: Հունգարիայի իշխանությունների որոշմամբ, Ադրբեջանին է արտահանձնվել այդ երկրի քաղաքացի Ռամիլ Սաֆարովը, ով Հունգարիայի դատարանի որոշմամբ` Հայաստանի քաղաքացի Գուրգեն Մարգարյանին սպանելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման եւ այդ պատիժը կրում էր հունգարական բանտում: Քանի դեռ ցմահ բանտարկյալը գտնվում էր իրեն Ադրբեջան տեղափոխող ինքնաթիռում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում շնորհելու հրամանագիր է ստորագրել, եւ Սաֆարովը վայրէջք է կատարել արդեն որպես ազատ քաղաքացի, հենց օդանավակայանում ստանալով Ադրբեջանի քաղաքացու անձնագիր:
Գուրգեն Մարգարյանի սպանությունը Սաֆարովը կատարել է 2004 թվականին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, երբ նրանք երկուսն էլ որպես իրենց երկրների զինված ուժերի սպաներ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովը Մարգարյանին կացնահարել է, երբ վերջինս քնած է եղել անկողնում: Սրանից հետո Ադրբեջանում Սաֆարովին պատվում էին ինչպես ազգային հերոսի, եւ Հունգարիայի իշխանությունները չէին կարող չգիտակցել՝ ինչ է նշանակում արտահանձնել նրան Ադրբեջանին:
Տիկնայք եւ պարոնայք,
այս իրադարձությունը հարված է ԵՄ-ի եւ մասնավորապես՝ Արեւելյան գործընկերության հեղինակությանը: Մամուլում արդեն տեղեկություն է հայտնվել, որ տեղի է ունեցել կոռուպցիոն գործարք, եւ Սաֆարովին ազատելու համար Ադրբեջանը դոլարով վճարել է ԵՄ անդամ Հունգարիային: Նպաստու՞մ են արդյոք նման քայլերը Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորմանը, տվյալ դեպքում` Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը: Իհարկե, ոչ: Ընդհակառակը, բորբոքում են թշնամությունը, նաեւ խաթարելով վստահությունը եվրոպական արժեքների նկատմամբ:
Խորապես համոզված եմ՝ աջակցել կոնֆլիկտների կարգավորմանը Արեւելյան գործընկերության համատեքստում, նշանակում է աջակցել հակամարտող երկրներին եւ ժողովուրդներին` իրական ժողովրդավարություն հաստատելու գործում: Տվյալ դեպքում նկատի ունեմ Ղարաբաղյան հակամարտության կողմ հանդիսացող երկրներին՝ Հայաստանի Հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Ադրբեջանի Հանրապետությանը:
Ժողովրդավարությունը, Մարդու իրավունքների պաշտպանվածությունը, օրենքի գերակայությունը տվյալ երկրում կարող է էականորեն նպաստել հակառակ կողմի գիտակցության մեջ ձեւավորված ֆոբիաների հաղթահարմանը եւ ընդհակառակը` մարդու իրավունքների եւ օրինականության տեսակետից կասկածելի որոշումները ավելի են խորացնում փոխադարձ ֆոբիաները:
Բերեմ եւս մեկ օրինակ. վերջերս Ադրբեջանում ձերբակալվեց «Ты кто такой, давай до свидания» հանրահայտ երգի հեղինակ, «Գոլոս Թալիշա» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը: ԶԼՄ-ների տեղեկություններով, Ադրբեջանի իշխանությունները նրա երգը հակապետական են համարել
Ինչպե՞ս է, ուրեմն, Ադրբեջանը փորձում համոզել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ կարող է երաշխավորել նրա ինքնորոշման իրավունքը, եթե չի կարողանում երաշխավորել սեփական քաղաքացիների ազատ ստեղծագործելու եւ ազատ արտահայտվելու իրավունքը: Ինչպե՞ս կարող է Ղարաբաղի ժողովուրդը մտածել նույնիսկ Ադրբեջանի կազմում ընդգրկվելու մասին, եթե այստեղ խաղաղ պայմաններում քնած հայի սպանությունը համարում են ազգային սխրանք»:
Սրանք երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներն են մարդասպան Ռամիլ Սաֆարովի արարքի, վերջինիս հերոսացնելու, արտահանձնելու, ինչպես նաև Ադրբեջանում առկա բռնատիրական համակարգի ու արցախահայության՝ Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինության մասին։ Հետաքրքիր է՝ վարչապետի աթոռն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հիշելու՞ է ընդիիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, երբ Թուրքմենստանից վերադառնալուց հետո շուտափույթ արտահանձնի Սիսիանցի կնոջ ու երեխաների վրա հարձակված մերօրյա «Սաֆարովին»։