ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ Իրանում կայացած հանդիպումների ընթացքում Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրությունը։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը նախատեսում է երկու երկրների տարածքներով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակում։ Սա պետք է նպաստի մաքսային ընթացակարգերի արագացմանն ու հայ-իրանական միջսահմանային առևտրային հոսքերի դյուրացմանը։
Հակոբյանի խոսքով՝ կողմերը քննարկել են նաև նախնական տվյալների փոխանակման համակարգի հնարավորինս արագ գործարկումը և լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչման ուղղությամբ աշխատանքները։
Բացի այդ, ձեռք է բերվել համաձայնություն Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու հարցում։