Տիգրանաշենցին չի ուզում լքել գյուղը․ Նարեկ Կարապետյան

կողմից admin1

Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի բնակիչները չեն ուզում լքել իրենց գյուղը, ուզում են ապրել իրենց ծննդավայրում։

Այս մասին Տիգրանաշենում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Երևանից այս գյուղ ընդամենը 40 րոպեի ճանապարհ է։ Բնակիչները նշում են, որ գյուղը բարձիթողի վիճակում է, ոչ մի ծրագիր այստեղ չի արվել, և մարդիկ չգիտեն` ինչպես նայեն ապագային»,–ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով` գյուղի զարգացումը պետք է լինի տուրիստական և գինեգործական ուղղությամբ։ Այսօր գյուղացիները անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն չունեն, քանի որ գյուղի արոտավայրերի օգտագործման վրա սահմանափակում է դրված։

«Մենք իրավունք չունենք մեր երկրի գլխավոր ռազմավարական ճանապարհը հանձնել այլ երկրին միայն նրա համար, որ նրանք պահանջում են դա։ Հայաստանի վարչատարածքային բաժանման օրենքով Տիգրանաշենը Հայաստանի մեջ է»,–ասում է Կարապետյանը։

Նա շեշտել է, որ այս ճանապարհով տարեկան անցնում է 2 միլիոն տոննա բեռ, 100 000–ից ավել բեռնատար և տասնյակ հազարավոր մարդատար մեքենաներ Իրանից Մեղրիով գալիս են Հայաստանի հյուսիս։

Եթե իշխանությունը որոշի հանձնել Տիգրանաշենը, ռազմավարական ճանապարհի այլընտրանքը կմնա գյուղերի միջով անցնող փոքր ճանապարհը, որը մեկ ժամով ավելի կերկարացնի Հայաստանից Իրանի սահման հասնող մեքենայի ճանապարհը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների թեման քննարկվում է, սակայն որևէ պայմանավորվածություն, ռազմավարություն, հարցի լուծման վերաբերյալ հայեցակարգ այս պահի դրությամբ չկա։

Focus Mode