Նախկին փոխնախարարը կարծում է` ևս մեկ էլեկտրագիծ ունենալը կարող է լրացուցիչ հնարավորություն ստեղծել, որից կարելի է օգտվել միայն հարմար գների և շահավետ պայմանների դեպքում։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Թուրքիայից էլեկտրաէներգիա ներմուծելու դեպքում Հայաստանի էներգահամակարգի առանձին հատվածներ կամ ամբողջական մարզեր պետք է անջատվեն հայկական միասնական ցանցից և կցվեն թուրքականին, ինչը կխախտի Հայաստանի ներքին ռեժիմային կայունությունը, նույնն էլ վերաբերում է Թուրքիային, եթե Հայաստանից էլեկտրաէներգիա ներմուծի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Հակոբ Վարդանյանը։
Դեռ հունվարի 29–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր` ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին (Վրաստանից և Իրանից բացի)։ Նրա խոսքով` Հայաստանը կարող է Ադրբեջանի ցանցերն օգտագործել արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալու համար, հակառակ դեպքում Հայաստանն առնվազն տրանզիտի դիմաց եկամուտներ կստանա։ Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ Մուսթաֆա Փուսթուն Երևանում քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Ոլորտի փորձագետները կարծում են, որ Հայաստանի էներգետիկ համակարգի միացումը Թուրքիային կարող է ռիսկեր պարունակել, որոնք առանց լուրջ հաշվարկների կարող են բերել փակուղային իրավիճակի։ Վարդանյանն այնքան էլ համամիտ չէ այս դիտարկումների հետ։
Նա հիշեցրեց, որ Թուրքիան 2016 թվականից հանդիսանում է Եվրոպական էլեկտրաէներգետիկ կոոպերատորների միության (ENTSO-E) անդամ, ինչը նրան արգելում է առանց հարյուրավոր միլիոն դոլարներ արժեցող փոխակերպիչ կայանի զուգահեռ միացումներ ունենալ այլ երկրների համակարգերի հետ։ Արդյունքում թուրքական իշխանությունները բավականին մեծ կախվածություն ունեն եվրոպական շուկայի գնային տատանումներից ու էներգետիկ ճնշումներից, որի արդյունքում էլ հայկական կողմին պարտադրում են, այսպես կոչված, էներգետիկ «կղզի ռեժիմը»։
«Եթե Թուրքիայի կառավարությունը որոշում կայացնի, ապա համակարգերի միացումը հնարավոր կլինի, բայց Եվրոպական օպերատորական միության նկատմամբ այսօր իրենց ունեցած պարտավորություններով «կղզի ռեժիմով» ներմուծում դեռ չեն կարող անել, սակայն կարող է ուղղակի առանձին որոշում կայացնել, որ, օրինակ, 2 տարով կարող են թույլտվություն ստանալ, բացառություն անել, որպեսզի փոխակերպիչ կայան կառուցվի։ Կամ, օրինակ, Հայաստանը որոշի զուգահեռ միանալ Թուրքիայի համակարգին, այդ դեպքում պետք է անջատվի Իրանի հետ զուգահեռ աշխատանքից, իսկ դա բացառվում է։ Ենթադրում եմ, որ ավելի շուտ փոխակերպիչ կայան կկառուցվի։ Կարծում եմ` այդպիսի մտադրություն ունեն, քանի որ եկել են, քննարկումներ են ունեցել մեր պաշտոնյաների հետ»,– նշեց Վարդանյանը։
Ըստ նրա` միայն փոխակերպիչ կայանի կառուցումը Թուրքիայից կպահանջի շուրջ 500 մլն դոլարի ներդրում։
1993 թվականին հայ–թուրքական սահմանի փակմամբ լքված ենթակառուցվածքների վերականգնման հիմնական ծախսն ու աշխատանքը մնում է թուրքական հատվածում, որտեղ 60 կմ էլեկտրագիծ ամբողջությամբ ապամոնտաժված է, մինչդեռ հայկական կողմում ենթակառուցվածքները պահպանվել են։
«Մեզ մոտ, եթե չեմ սխալվում, 2 հենարանի խնդիր կա, և էլեկտրահաղորդման գիծը վերականգնելը 1–2 ամսվա խնդիր է` նվազագույն ծախսերով։ Իրենց մոտ 2024–ին, իմ ունեցած վերջին տվյալներով, մոտ 60 կմ ընդհանուր գծի մի զգալի հատվածը ապամոնտաժված էր»,– նշեց նախկին փոխնախարարը` ավելացնելով, որ էլեկտրագծի վերականգնման համար թուրքական կողմի ծախսը անհամեմատ ավելին կլինի, քան մերը։
Նրա պնդմամբ` ցանկացած պահի հայկական կողմը հնարավորություն կունենա վերադառնալ իր ներկայիս էներգետիկ վիճակին` առանց որևիցե կախվածության։
«Հայաստանի և Թուրքիայի էներգահամակարգերի միջև ևս մեկ միջհամակարգային կապը կլինի լրացուցիչ ալիք, որը թույլ կտա արտահանել ավելցուկային էլեկտրաէներգիան դեպի Թուրքիա (մոտ 150 մեգավատտի չափով), ներմուծել էլեկտրաէներգիա Թուրքիայից՝ Հայաստանում հնարավոր վթարների կամ ֆորսմաժորային իրավիճակների ժամանակ համակարգը կարգավորելու համար»,– վստահեցրեց նախկին պաշտոնյան։
Ի դեպ, Հայաստան–Թուրքիա (Գյումրի–Կարս) բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին, բայց երբեք չի շահագործվել։
Վարդանյանը նշեց` Հայաստանի էներգահամակարգն այսօր էլ գործում է առանց այդ գծի, ուստի ևս մեկ լրացուցիչ էլեկտրագծից (տվյալ դեպքում` Թուրքիայի հետ) կարելի է օգտվել միայն հարմար գների և շահավետ պայմանների դեպքում։
«Գները հարմար կլինեն` մենք կարտահանենք, օգուտներ կունենանք։ Հարմար չեն լինի` չենք արտահանի»,– ասաց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական էներգահամակարգին միանալու հեռանկարին, ինչը փաստացի փոխում է տարածաշրջանային էներգետիկ ամբողջ աշխարհագրությունը, ապա նախկին փոխնախարարի խոսքով` ադրբեջանական էլեկտրագիծը կարող է միանալ ՀՀ տարածքի արևելյան հատվածներում, և դրանից նույնպես կարելի է օգուտ ստանալ։
Հիշեցնենք` մարտի 10–ին Փարիզում Խուդաթյանը հանդիպել էր նաև Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ, քննարկել երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը, հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները։