Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի» (TRIPP) տարանցիկ միջանցքի նախագծի հաստատումը լուրջ անհանգստություն է առաջացրել Թեհրանում։ Ինչպես գրում է Iran International-ը, Իրանի պաշտոնյաներն ու պետական լրատվամիջոցները զգուշացնում են, որ ԱՄՆ կառավարման ներքո նախատեսվող նախագծի իրագործմամբ Իրանի հյուսիսային սահմանի մոտ ամերիկյան ներկայություն կհաստատվի։
Իրանական պաշտոնյաներն ու պետական լրատվամիջոցները պնդում են, որ Սյունիքում ԱՄՆ վերահսկողության ներքո ենթակառուցվածքների ստեղծումը կարող է երկարաժամկետ անվտանգային սպառնալիք դառնալ Իրանի համար։
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նույնիսկ սպառնացել է Երևանին՝ հայտարարելով, որ Թեհրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գիծը»։
Մինչդեռ Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ նախագիծը չի ենթադրում ամերիկյան զինուժի տեղակայում և չի փոխելու տարածաշրջանի սահմաններն ու աշխարհաքաղաքական պատկերը։
Ինչպես նշում է պարբերականը, անվտանգային սպառնալիքները պարտադիր չէ, որ ռազմաբազաների ստեղծումից սկսվեն. թշնամական տերությունների հետ կապված ռազմավարական ենթակառուցվածքներն ու ցանցերը կարող են երկարաժամկետ ազդեցության հիմք դառնալ։
Նույնաբովանդակ տեսակետ է նոյեմբերի 7-ին Farhikhtegan թերթում հայտնել նաև ռուսական հարցերով վերլուծաբան Մեհդի Սեյֆ-Թաբրիզին։
«Թեհրանի մտահոգությունն, ըստ էության, չի սահմանափակվում ամերիկյան զինված ուժերի հնարավոր տեղակայմամբ։ Խոսքն Իրանի սահմանների անմիջական հարևանությամբ ազդեցության մշտական ենթակառուցվածք ձևավորելու մասին է, որը ճգնաժամային պահերին կարող է ծառայեցվել սկզբնական տնտեսական խնդիրներից դուրս եկող նպատակների», — գրել է նա։