28 օր հացադուլի մեջ գտնվող 32-ամյա Աշոտ Բադալյանին այցելել է Լիլիթ Գալստյանը

կողմից admin1

 ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնողովի նախագահ Լիլիթ Գալստյանն այցելել է արդեն 28 օր հացադուլի մեջ գտնվող 32-ամյա Աշոտ Բադալյանին։

Ֆեյսբուքյան իր էջում Գալստյանը գրել է, որ Բադալյանը հուսահատված է ծայրահեղ քայլի դիմել, քանի որ ավելի քան 1 տարի 3 ամիս կալանքի տակ է, պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ դատական գործընթացը ձգձգվում է։

«Աշոտը նաև մեղմացուցիչ հանգամանքներ ունի, որովհետև ինքն է ներկայացել քննչական մարմին իր փաստաբանի հետ, և նաև անչափահաս երեք երեխաների հայր է, կինը չի աշխատում, երեխաներից մեկն ունի աուտիզմ»։

Նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հույս հայտնելով, որ Բադալյանի խափանման միջոց կալանավորումը կվերանայվի, նրա նկատմամբ մարդասիրական մոտեցում կցուցաբերվի, առավել ևս, որ Բադալյանն ապացուցել է՝ փախուստի վտանգ չկա, պատասխանատվությունից չի խուսափում։

Գալստյանը շեշտում է՝ մեր երկրում կալանքը չպետք է ֆետիշացվի և կիրառվի որպես պատժիչ գործիք։

Ավելի վաղ Բադալյանին այցելել են ՄԻՊ ներկայացուցիչները։

Աշոտ Բադալյանը մեղադրվում է քրոջ որդու սպանության մեջ։ Նրա բողոքն ուղղված է դատական համակարգի դեմ, քանի որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ՝ դիտավորյալ սպանություն, պնդում է, որ կատարվածն ընտանիքին պաշտպանելու համար է եղել։

Նաիրա Բադալյանը, պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 11-ին։ Իր որդին, որը, ըստ մոր, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, վիճաբանության ընթացքում հարձակվել է իր եղբոր՝ Աշոտ Բադալյանի վրա, ատրճանակով կրակել է քեռու ուղղությամբ, իսկ ավելի ուշ իրավիճակը սրվել է, երբ նա նռնակով փորձել է մոտենալ ընտանիքի մյուս անդամներին։

Նաիրա Բադալյանը նշում է, որ իրենք եղբոր դեմ բողոք չունեն։ Աշոտ Բադալյանը 3 անչափահաս երեխաների հայր է։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode