Ուղիղ 6 տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ մոտավորապես ժամը 07:15-ին, շփման գծի ողջ երկայնքով սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնք վերածվեցին 1994 թվականից հետո հայ-ադրբեջանական հակամարտության ամենամեծ և ամենաերկարատև պատերազմի։
Ադրբեջանական զինված ուժերը, կիրառելով հրետանային և հրթիռահրետանային համակարգեր, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր և ռազմական ավիացիա, հարվածներ հասցրին Արցախի պաշտպանության բանակի դիրքերին ու ռազմական ենթակառուցվածքներին։ Ռազմական գործողությունները, սակայն, չսահմանափակվեցին առաջնագծով. հարվածների թիրախում հայտնվեցին նաև թիկունքային բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը և շրջանային կենտրոնները։ Սեպտեմբերի 27-ի առավոտից Ստեփանակերտի բնակելի թաղամասերում կիրառվել են հրթիռային զինատեսակներ, այդ թվում՝ կասետային ենթազինամթերք պարունակող հրթիռներ։
Այսպիսով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ը դարձավ պատերազմի այն սահմանագիծը, որից հետո հակամարտությունը կարճատև սահմանային բախումից վերածվեց լայնածավալ պատերազմի՝ ընդգրկելով ինչպես առաջնագիծը, այնպես էլ հակամարտող կողմերի թիկունքային տարածքները։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք:
Մինչ օրս պաշտոնապես չի հրապարակվել զոհվածների ամբողջական, մեկտեղված անվանական ցուցակը։
Միաժամանակ, տարբեր հրապարակումներում և գնահատականներում պատերազմի ընթացքում հայկական կողմի իրական կորուստներն ավելի շատ են (մինչև 4,000–5,000 կամ ավելի)։
Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։