Խաղաղությունը կապ ունի ՀՀ զինված ուժերում ինքնասպանության այս նոր ալիքի հետ, «Ինֆոքոմին» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի կամ նախկին անվտանգային տրամաբանությամբ՝ համարվում է մահացու մեղք։
«Նախկինում, երբ լարվածություն կար, զինվորն ինքը մոտիվացիա ուներ մարտական դիրքում չքնելու, որովհետև մտածում էր՝ քնի, կարող է՝ գան, իրեն սպանեն, վնաս տան»,- ասել է ՀՀ Փաշինյանը։
Քանի որ հիմա խաղաղություն է, չքնելու մոտիվացիան պակասել է, միաժամանակ, ըստ նրա, դա արդարացում չէ։
«Եթե մենք տեսնենք՝ սովորական կյանքում 100 հազար բնակչին ընկնող ինչքան ինքնասպանություն է տեղի ունենում, և բանակում ինչքան է ինքնասպանություն տեղի ունենում, կտեսնենք, որ բանակում էականորեն ավելի քիչ ինքնասպանություններ են տեղի ունենում»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա միաժամանակ նշել է՝ դա չի նշանակում, թե խնդիր չկա, նշանակում է՝ այդ խնդրի մեջ պետք է խորանալ։
Փաշինյանը նաև պնդել է, թե ինքնասպանությունների լուսաբանումը բերում է նոր ինքնասպանությունների։
«Մեր բանակի դեպքում ինքնասպանությունները ոչ թե լուսաբանվում են, այլ ինքնասպանության դեպքը դառնում է համապետական, համազգային քննարկման առարկա։ Հավանականությունը մեծ է, որ էդ քննարկումը բերելու է նոր ինքնասպանության»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ բանակում տեղի ունեցած ցանկացած դեպք, որի դեպքում կոնկրետ պաշտոնյայի պատասխանատվության մասին եզրահանգում է արվել, կայացվել է նրան պաշտոնանկ անելու համապատասխան որոշում։ Նա հիշեցրել է, որ աշխատանքից ազատվել են ռազմական ոստիկանության պետը, ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պաշտոնանկությանը, ըստ Փաշինյանի` եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, ապա 90-ականներից սկսած Հայաստանում պետք է պաշտպանության նախարար չլիներ։