Ես կողմ կլինեի, որ իմ բոլոր գործընկերները բոյկոտեին ու չգնային այսօր կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, բայց դա չեղավ։ Հույս ունեի, որ գոնե կասեին՝ ներողություն խնդրիր, ու դուրս կգային։ Բայց դա էլ չեղավ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը, ում մեկ շաբաթ առաջ ճեպազրույցում Փաշինյանը վիրավորել էր։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Եռաբլուրը մեծացնելու վերաբերյալ Ջեբեջյանի հարցին, հունից դուրս եկավ ու լրագրողին վիրավորեց՝ «եղկելի» անվանելով։ Այդ ճեպազրույցից հետո Հռիփսիմեն այսօր չէր մասնակցել ճեպազրույցին։
Հարցին, թե չի՞ կարծում, որ Փաշինյանի ցանկությունն էլ հենց այն է, որ սուր ու անհարմար հարցեր տվող լրագրողներին լռեցնի այս վարքագծով, Ջեբեջյանը պատասխանեց. «Այո, եթե էլ չգնամ, կստացվի՝ հասավ իր «մուրազին»։ Ինձ վիրավորեց, ինձնից ազատվեց, բայց ես էդպես շուտ հանձնվողներից չեմ, ուստի չի լինելու իր ուզածը»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե խոստացել էր դիմել դատարան, լրագրողը պատասխանեց, որ նման ցանկություն ու մտադրություն ունի, բայց դեռ փաստաբանի հետ քննարկումների փուլում է։
«Քանի դեռ փաստաբանի հետ չեմ խորհրդակցել, վերջնական որոշում չունեմ։ Դեռ 2023 թվականին ես Փաշինյանի ճեպազրույցից հետո ինձ հասցված վիրավորանքների մասով դիմել եմ դատարան։ Երեք տարի է անցել, վերջապես, մի գործով ուժի մեջ մտած դատական ակտ կա, բայց ոչինչ չի արվել ակտը կատարելու համար։ Ինձ վիրավորողը Փաշինյանի քարոզարշավներին է մասնակցում, Փաշինյանին Աբովյանում տորթով դիմավորում ու թքած ունի դատական ակտի վրա, այսինքն՝ դատական ակտը չի կատարում։ Ես լուրջ մտահոգություն ունեմ, որ իմ թանկ ժամանակը ևս երեք տարի ծախսելու եմ դատարաններում, ու արդարություն չի հաստատվելու։ Դրա համար հիմա պիտի երկար կշռադատեմ՝ ես պատրա՞ստ եմ այդ ժամանակը, նյարդերը տրամադրել, թե՞ ոչ»,- ասաց Հռիփսիմեն։
Նշենք նաև, որ օրեր առաջ «Խոսքի ուժը» իրավապաշտպան ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը Փաշինյանի վարքագծի ուսումնասիրություն կատարելու և դրան գնահատական տալու պահանջով դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Նշենք, որ «Փաստինֆո»-ն ունի սկզբունքային որոշում ու երբեք չի մասնակցում կառավարությունում տեղի ունեցող ճեպազրույցներին, քանզի իր քմիքին ոչ հարիր տարեցին նա բովանդակալից պատասխաններ հնչեցնելու փոխարեն դիմում է մանիպուլյացիաներին, վիրավորանքներին ու կեղծ տեղեկություններ շրջանառության մեջ դնելուն։