24
ՊՆ-ն հաստատել է Սյունիքի զորամասում հոկտեմբերի 2-ին զինվորին հրամանատարի կողմից դաժան ծեծի ենթարկվելու մասին լրագրող Սյուզի Բադոյանի երեկվա հրապարակած լուրը եւ հայտնել, որ քրեական վարույթ է նախաձեռնվել դեպքի հանգամանքները պարզելու համար։
Իսկ թե ինչու է նույն հրամանատար Համլետ Պողոսյանը շարունակում ծառայել միջադեպից հետո այն դեպքում , երբ իր ստորադաս զինվորների նկատմամբ փաստացի կա ծեծի, նվաստացման միջադեպ, /նրան ՌՈ ուղեկցությամբ հարցաքննության տանելը վկա/ ու որքանով է թույլատրելի նրան զինվորներից չմեկուսացնելը, մանավանդ որ հոկտեմբերի 2-ին ծեծի ենթարկված զինվորն իր դեմ բողոք է գրել, ու սա կարող է ծնել հաշվեհարդարի նոր միջադեպ և հղի է այլ ծանր հետեւանքներով , ՊՆ չի պարզաբանել ։
ՊՆ փաստացի չի երաշխավորել ծեծից հետո զինվորի անվտանգությունը, պաշտպանության միջոցներ չի կիրառել ոչ միայն կանխելու դաժան հրամանատարի հետ նոր կոնֆլիկտն ու ծանր հետեւանքները, այլեւ ապահովելու ստորադաս զինվորի նախաքննական ցուցմունքները չփոխելու եւ արդար , անկողմնակալ նախաքննության հնարավորությունը ։
Ներկայացնում ենք ՊՆ- ից Սյուզի Բադոյանին ուղարկված մեկնաբանությունը․
«Սպաների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառվում են ծառայողական քննության ավարտից հետո, իսկ եթե ծագում է ծառայության վայրի փոփոխության հարց, ապա դրա նպատակահարմարությունը որոշվում է հրամանատարության, պատկան ստորաբաժանումների, այդ թվում՝ ռազմական ոստիկանության գնահատման արդյունքում:
Մնացյալ հանգամանքները կպարզվեն բացառապես նախաձեռնված վարույթի շրջանակում։
Միաժամանակ անհրաժեշտ է չխախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը, և քանի դեռ քննություն է ընթանում, զերծ մնալ քննությամբ չհաստատված գնահատականներ հնչեցնելուց»,-ասված է ՊՆ խոսնակի մեկնաբանության մեջ։