2
ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով 2026թ․ հունվարի 1-ից սեպտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում դիմել է 577 անձ։
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Այս տարի արդեն ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացել է 78 անձ Ուկրաինայից, 30-ը՝ Աֆղանստանից, 15-ը՝ Իրանից։
Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին 448 անձ է մեր երկրում ապաստան հայցել, 242 անձ ստացել է փախստականի կարգավիճակ, իսկ 2024թ․-ին ապաստան է հայցել ընդհանուր 665 անձ, փախստականի կարգավիճակ է տրվել 203-ին։
Հայաստանում ապաստան հայցողների համար հատուկ կացարան կա Նորքում՝ վթարային վիճակում։ Դեռ 2025թ․-ին գրել էինք, որ նախատեսվում է շահագործման հանձնել Աբովյանում կառուցված նոր կացարանը, որտեղ մինչև 120 անձ կտեղավորվի։
ՆԳՆ-ի պատասխանից պարզ է դառնում, որ արդեն շահագործվում է Աբովյան քաղաքի նորակառույց կացարանը, որում տեղավորվել է 69 անձ՝ տարբեր երկրներից։
Ապաստան հայցողների թիվն այս հնարավորություններից մի քանի անգամ ավելի է, իսկ նոր ապաստանի կառուցում ներկայում չի նախատեսվում։ Որպես ժամանակավոր լուծում մեր երկրում ապաստան հայցողներին 6 ամիս ժամկետով տրամադրվում է 60 հազար դրամ փոխհատուցում տուն վարձակալելու համար։