Վրացական ընդդիմադիր Girchi • Meti Tavisupleba կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն ձերբակալվել է Թուրքիայի օդանավակայանում, հաղորդում է Georgia Online-ը՝ հղում անելով եվրոպական լիբերալ ALDE կուսակցության հայտարարությանը, որի կազմում է նաև վրացական քաղաքական ուժը։
ALDE-ի տեղեկություններով՝ Ջափարիձեից առգրավել են անձնագիրն ու ուղեբեռը, որից հետո նրան տեղավորել են խցում։ Ակնկալվում է, որ հաջորդ օրը նրան հետ կուղարկեն Վրաստան։
Ջափարիձեն տարանցիկ ճանապարհով մեկնում էր Բրյուսել, որտեղ պետք է մասնակցեր Renew Europe-ի առաջնորդների գագաթնաժողովին։
ALDE-ում ափսոսանք են հայտնել, որ քաղաքական գործիչը չի կարողանա ներկա գտնվել հանդիպմանը, և մտահոգություն են հայտնել Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ ճնշումների կապակցությամբ։
«Մենք մտահոգություն ենք հայտնում, որ շարունակվում է ճնշումը այն ընդդիմադիր կուսակցությունների գործունեության և տեղաշարժի նկատմամբ, որոնք հանդես են գալիս իրենց երկրի եվրոպամետ և ժողովրդավարական ապագայի օգտին»,- ասվում է ALDE-ի հայտարարության մեջ։