19
«Մի քիչ չեմ պատկերացնում նավթամուղ կամ գազամուղ, օրինակ, Մեղրիի երկաթուղու երկայնքով, էդտեղ շատ քիչ տարածք կա։ Էդտեղ նույնիսկ հեծանիվ հնարելու ֆիզիկական հնարավորություն էլ չկա, նույնիսկ եթե միտքը թույլ տա․ կա գետ, մի փոքր շերտ և ժայռեր, այդտեղով կարող է անցնել և ամենահարմարն է երկաթուղին․․․»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի հարցին, թե մշտապես խոսվում է TRIPP-ի երկարության, բայց ոչ լայնության մասին, Միրզոյանը նշեց՝ այս պահին, քանի դեռ ընկերությունը հիմնադրված չէ, հստակ տեղորոշումներ արված չեն, հարցին պատասխանելը դժվար է, կան միայն մոտավոր պատկերացումներ։
Միրզոյանը պնդում է, որ TRIPP-ով դյուրացվում են անցումները ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի ու Իրանի հետ։
«Հուսամ՝ մի օր կբացվեն Թուրքիայի հետ սահմանները, ու ինչ-որ պահի այնտեղ էլ կմտածենք՝ ոնց հեշտացնել տնտեսվարողների ու քաղաքացիների կյանքը»,- ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրել էին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ռուբիոյի կարճատև երևանյան այցի ընթացքում։ Դրանից օրեր անց Միրզոյանը հայտարարեց, որ համաձայնագիրն արդեն ստորագրված է։