Սյունիքի մարզում TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին ընդառաջ տեղում ուսումնասիրվել են երկաթգծի, ավտոճանապարհի և էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված հարցերը։
Այս մասին Կառավարության՝ հոկտեմբերի 22-ի նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 21-ին Սյունիք կատարած այցին։
«Երեկ Սյունիքի մարզ էինք այցելել՝ նախագծման աշխատանքների մեկնարկը կազմակերպելու նպատակով։ Տեղում ծանոթանում էինք ենթակառուցվածքներին։ Այս փուլում խոսքը վերաբերում է երկաթգծին, ավտոճանապարհին և էներգետիկ ենթակառուցվածքներին՝ էլեկտրահաղորդման գծերին»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ երկաթգծի ուղղության մասով հիմնական հարցերը հստակ են, և նախագծման աշխատանքները կարող են մեկնարկել։ Ավտոճանապարհի դեպքում դեռևս կան մոդելավորման հարցեր՝ կապված բարդ անցանելի հատվածների հետ։
«Մեր վերջնական լուծումն այնպիսին պետք է լինի, որ ճանապարհը մրցունակ լինի, որովհետև մենք խոսում ենք տրանզիտի մասին։ Տրանզիտային ճանապարհը մրցունակ կլինի, իսկ մեր ծախսերն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե այն շահագործման առավելություն ունենա ռեգիոնալ մակարդակով»,- նշեց փոխվարչապետը։
Էլեկտրահաղորդման գծերի մասով ևս, ըստ Գրիգորյանի, կան որոշ հարցեր, որոնք պետք է վերջնականացվեն և մոդելավորվեն։
Փոխվարչապետը հայտնեց, որ այս երեք ենթակառուցվածքների մասով հնարավոր է լիարժեք սկսել նախագծման աշխատանքները՝ չսպասելով TDC-ի (TRIPP Development Company US) ձևավորման գործընթացի ավարտին։
«Ժամանակ չծախսելու համար պետք է նախագծման աշխատանքները սկսել այսօրվանից»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում քննարկման կներկայացվեն նաև ավելի կոնկրետ էսքիզներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործընթացը մտնում է գործնականացման փուլ։ Նրա խոսքով՝ TRIPP զարգացման ընկերությունը (ԱՄՆ) հիմնադրման վերջնական փուլում է, և ընկերության հիմնադրումից հետո կատարված աշխատանքը կփոխանցվի նրան։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում TRIPP-ին առնչվող նախագիծը կընդգրկվի խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում։
Անդրադառնալով նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած՝ նախագծին առնչվող քննարկմանը՝ Միրզոյանը հույս հայտնեց, որ կա հետաքրքրություն TRIPP-ի և խաղաղության փաստաթղթի ստորագրման նկատմամբ։