Անապահով ընտանիքների աշխատունակ անձանց, զորացրված զինծառայողների և Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության ծրագրերը կմիավորվեն 1 ծրագրի մեջ: Այդ մասին Կառավարության նիստում ասաց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Նոր ծրագիրը կունենա 3 փուլ։ Առաջինով շահառուներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամի կրթական վաուչեր՝ մասնագիտական ուսուցում անցնելու համար։ Ուսուցումն ավարտելուց հետո նրանք կստանան վկայական։
Երկրորդ փուլում աշխատանքի ընդունող գործատուին կփոխհատուցվի վճարված եկամտային հարկը՝ առաջին 3 ամիսներին 50%, իսկ 4-6-րդ ամիսներին՝ 100% չափով։
Շահառուներին նույնպես նախատեսվում է միանվագ աջակցություն՝ 3 ամիս աշխատելու դեպքում 100 հազար, իսկ 12 ամիս աշխատելու դեպքում՝ 200 հազար դրամ։
Ծրագիրը կիրականացվի թվային հարթակով և կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից։