Շաքիում ադրբեջանցի զինծառայողից երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կրկին պետք է վիրահատվի, սակայն այս պահին դեռևս հստակ օր չկա, թե երբ է նախատեսված վիրահատությունը։ Անի Ավետիսյանի առողջական վիճակի հետ կապված նոր խնդիրներ են ի հայտ եկել։ Այս մասին «Փաստինֆո»-ին պատմեց Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը։
Անի Ավետիսյանը, ինչպես պատմում է քույրը, քանի օր է՝ կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, թոքերում և սրտի հատվածում ջուր է հավաքվել, պատճառը կարող է լինել ինչպես ստացված հարվածները, այնպես էլ՝ երկար պառկած վիճակը, արդեն 23-րդ օրն է, ինչ անշարժ պառկած է։ Այժմ սպասում են վիճակը կայունանա, որ կարողանան վիրահատել Անիին․ «Ցավազրկում են, կարերը նոր են հեռացրել՝ երեք օր առաջ, անտանելի ցավեր ունի»։
Անիի երեխաներն արդեն հարցաքննվել են, Անիին քննիչն այցելել է, երբ նա դեռևս վերակենդանացման բաժանմունքում էր։
Անդրադառնալով երեխաներին՝ Ավետիսյանը հայտնեց, որ երեխաների հետ հոգեբաններ աշխատում են, հոգեբանական նույն վիճակում են, վախեցած են, այդ վիճակից դուրս չեն գալիս դեռ, դպրոցի հոգեբանն էլ է աշխատում, երեխաները ժամանակավորապես դպրոց են այցելում Մասիսում։
Հիշեցնենք, որ ադրբեջանցու ՀՀ ներթափանցման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 1-ին։ ԱԱԾ-ից պաշտոնապես հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Ադրբեջանական կողմն իր հերթին է տեղեկացրել, որ զինծառայողը անհետացել է սեպտեմբերի 26-ից։ Ադրբեջանցին, ով ապօրինի ներխուժել էր ՀՀ, կիլոմետրեր անարգել շրջել ՀՀ ինքնիշխան տարածքում, մուտք գործել ՀՀ քաղաքացու տուն, կրակել տանտիրուհու ոտքերին և մարմնական վնասվածքներ հասցրել նաև նրա երեխաներին։ Կինն ինքն է չեզոքացրել ադրբեջանցուն։ Հանրային դժգոհություններից և բարձրացված աղմուկից հետո դատախազությունը հայտնեց, որ ադրբեջանցու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, առողջությանը զենքի գործադրմամբ վնաս պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու, մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու համար։ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Պետական մարմինները պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել դեպքի հանգամանքների մասին, թե ինչպես են իրադարձությունները զարգացել, որ երեխաներին պաշտպանելիս մայրը նման ծանր վնասվածք է ստացել ։ Դեպքի մասին լայն հանրությունը տեղեկանում է միայն տուժողի հարազատների պատմածներից։