Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի երեք համայնքներում՝ Մարտունիում, Վարդենիսում և Գավառում, տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները։ Մարտունի համայնքում քվեարկությանը մասնակցած 18 629 քաղաքացիներից 12 597-ը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հովհաննես Հովեյանը, ստացել է քվեների 67.6%-ը։
Մարտունիում ընտրություններին մասնակցել է չորս քաղաքական ուժ՝ «Մեր համայնք» կուսակցությունների դաշինքը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Քաղաքացիական պայմանագիրը»։
Վարդենիս համայնքում քվեարկությանը մասնակցած 10 161 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 9530 ձայն կամ 93.8%։ Կուսակցության ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Վարդենիսում ընտրություններին մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։
Համայնքն ունի 27 813 ընտրող։ Գավառ համայնքում քվեարկությանը մասնակցած 12 761 քաղաքացիներից «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է 10 380 ձայն կամ 81.3%։
Գավառի ընտրություններին մասնակցել է երեք քաղաքական ուժ՝ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները, ինչպես նաև «Հայկական քվե» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։ Գավառ համայնքն ունի 42 875 ընտրող։
factor.am