Այսօր 1999թ․ ահաբեկչության 27-րդ տարելիցն է

կողմից admin1

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրանում է Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ 1999 թվականի խորհրդարանական ահաբեկչության 27-րդ տարելիցը։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ խորհրդարանում ընթանում էր կառավարության հետ հարցուպատասխանը, զինված խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Ազգային ժողովի նիստերի դահլիճ։

Ահաբեկչության հետևանքով սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Կրակոցների հետևանքով ևս ութ մարդ վիրավորվեց։

Զինված խմբավորումը մինչև հաջորդ առավոտ պատանդի կարգավիճակում պահեց խորհրդարանի պատգամավորներին և կառավարության անդամներին։ Եւ միայն հոկտեմբերի 28-ին՝ բանակցություններից հետո, հարձակվողները հանձնվեցին իրավապահ մարմիններին։

Տևական ժամանակ ընթացավ նախաքննություն, այդ ընթացքում եղան բազմաթիվ ձերբակալություններ, եղան մեղադրյալներ, որոնց մի մասի կարգավիճակը, սակայն, հետո փոխվեց և որպես վկա ազատ արձակվեցին, թեև՝ կասկածները հանրության շրջանում շարունակվում էին։

Դատարանը 2003 թվականի դեկտեմբերի 2-ին հրապարակեց գործով դատավճիռը: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների նկատմամբ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեց ցմահ, իսկ 1-ը՝ 14 տարվա ազատազրկման:

2024–ի օգոստոսի 26–ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը:

«Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը:

Հիշեցնենք՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվել է 2018–ից հետո ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա:

Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար 2009 թվականին Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» (1953 թ.) քանդակը:

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode