«Wildberries» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում Տատյանա Կիմին փոխարինել է Ալեքսեյ Կուլիկովը։ Այս մասին են վկայում Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի տվյալները։
Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, Տատյանա Կիմը զրկվել է ընկերության անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձի լիազորություններից և դուրս է եկել հիմնադիրների կազմից:
«ԲԻՐ-Անալիտիկ» տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Կուլիկովի նշանակումը տեղի է ունեցել նոյեմբերի 19–ին։ Կուլիկովը նաև «Դիջիկո» գովազդային գործակալության և «ՎԲ Ինժինիրինգ» ընկերության գլխավոր տնօրենն է։
Երեկ հայտնի էր դարձել, որ «Տոմ» և «Գալո» փակ ներդրումային բաժնետիրական հիմնադրամները ձեռք են բերել «ՌՎԲ» ՍՊԸ-ի («Wildberries & Russ» միավորված ընկերության) կապիտալի 30% բաժնեմասը։
Ռեեստրի տվյալներով՝ «Տոմ» ներդրումային հիմնադրամը ստացել է «Wildberries»-ի մայր ընկերության՝ «ՌՎԲ» ՍՊԸ-ի կապիտալի 17,5% բաժնեմասը։ Երկրորդ սեփականատերը՝ «Գալոն», ստացել է 12,5% բաժնեմասը։
Արդյունքում «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն իր բաժնեմասը 65%-ից կրճատել է մինչև 45%, իսկ «Ստինն» ՍՊԸ-ն՝ 35%-ից մինչև 25%։