Մասիսում ՔՊ թեկնածուն ապօրինի գույքի գործով անցնող նախկին պաշտոնյայի որդին է

կողմից admin2

Մասիսում «Քաղաքացիական պայմանագրի» միակ մրցակիցը ՀՀԿ անդամ Դավիթ Համբարձումյանն է, որը 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում հաղթել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին։

Համբարձումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ Մասիսի աղբավայրը տարիներ շարունակ շահագործվում է, թունավորում բնակիչներին, իսկ խնդիրը մինչ օրս լուծված չէ։

«Էդ երկրի կամքն է՞ եղել, որ աղբավայրը 15 տարի շահագործում են, թունավորում են ժողովրդին, ու էս քանի տարի է դատարանում ենք: Հիմա էլ հո Սերժ Սարգսյանի իշխանությունը չի, դիմել ենք դատարան, ասում ենք՝ փակեք էդ աղբավայրը»,- ասել է նա։

Իշխանական «Կառուցող» դաշինքի թեկնածուն, հակադարձելով Համբարձումյանի քննադատությանը, հիշեցրել է նրա հոր կառավարման տարիները՝ պնդելով, որ այդ ժամանակ Մասիսը ցեխի մեջ էր։

Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է շուրջ չորս տարի։ Այնուհետև 2018 թվականի հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել է։ Նա չորս ամիս անցկացրել է բանտում, ապա գտնվել տնային կալանքի տակ։ Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար և դատապարտվել վեց տարվա ազատազրկման։ Դատարանի վճիռը նա բողոքարկել է։

Հարցին՝ արդյոք վստահ է, որ մինչև դեկտեմբերի 13-ի ընտրությունները կրկին չի կալանավորվի, Համբարձումյանը պատասխանել է. «Չեմ կարող ասել, անկեղծ»։

Նա նաև հայտնել է, որ ՔՊ-ից համագործակցության առաջարկ է ստացել, սակայն մերժել է այն։

«Այո, եղել է։ Չեմ ուզում պատմել, բայց եղել է։ Առաջարկ եղել է, որ քննարկենք էդ հարցը, մերժել եմ»,- ասել է Համբարձումյանը։

Նշենք, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում Մասիսում իշխանական թեկնածուի հիմնական մրցակիցը հենց Դավիթ Համբարձումյանն է։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode