ՀՀ կառավարությունը նախատեսում է 2026 թ. 4–րդ եռամսյակում էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել ընդհանուր 4 մլրդ 465,9 մլն դրամ՝ գյուղմթերքի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման, ինչպես նաև մթերման ծրագրերի շրջանակում հոկտեմբերին առաջացած պարտավորությունները փակելու համար։
Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարությունից վստահեցնում են, որ որոշումն ուղղված է արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանն ու տնտեսվարողների ծախսերի փոխհատուցմանը։
Հատկացվող գումարի առյուծի բաժինը՝ շուրջ 3,26 մլրդ դրամը, կուղղվի ջերմատնային արտադրանքի արտահանման աջակցությանը։
ՍԱՏՄ տվյալներով՝ հոկտեմբերին արտահանվել է շուրջ 5271,4 տոննա պղպեղ, 2351,9 տոննա լոլիկ, 135,8 տոննա ելակ, ավելի քան 3,2 մլն հատ վարդ և այլն։
Մյուս՝ 1,2 մլրդ դրամի չափով աջակցությունը բաժանվում է երկու ուղղության միջև։ Մասնավորապես, 408,3 մլն դրամը կտրամադրվի թարմ պտղի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման փոխհատուցմանը։
Եվս 794,6 մլն դրամ կուղղվի վերամշակման նպատակով Սյունիքի մարզից թզի և ՀՀ տարածքից դեղձի մթերման սուբսիդավորմանը։ Նախատեսվում է, որ ծրագրով վերամշակման նպատակով մթերվող դեղձի ծավալը կկազմի 6 388 տոննա։
Նշենք, որ մինչ այս հունիս–սեպտեմբեր ամիսների արտահանման աջակցության ծրագրով ստացված 531 դիմումի հիման վրա հայցվել էր 9,56 մլրդ դրամ, որից 8,2 մլրդ–ն արդեն վճարվել է։